26 զինծառայողներ ճանաչվեցին տուժող. Դատախազության որոշումը

Դատախազությունից այսօր ստացանք որոշում, և 26 հերոսներ ճանաչվեցին տուժող: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներից մեկը:

Նա ներկայացրեց որոշումից մի հատված. «Վարույթն իրականացնող քննիչը փաստել է, որ նյութերով ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ 2020 սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված ՀՀ ՊՆ մի շարք փաստաթղթերում ամրագրված կարգավորումներին հակասող այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք բացասական նշանակություն են ունեցել ԶՈՒ մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա»:

Զոհված զինծառայողի ծնողը շարունակեց. «Որքանով տեղյակ եմ, Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձը վարչապետն է, որը ԱԺ-ից հայտարարեց, որ միակ պատասխանատուն ու մեղավորը ես եմ: Մենք դիմում ենք գլխավոր դատախազին, որ ամենբարձրաստիճան պաշտոնատար անձին ներգրավեն որպես մեղադրյալ եւ նշված գործով հարցաքննեն»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունը բավարարել էր պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի խումբ ծնողների, հարազատների միջնորդությունը:

Նրանք պահանջել էին գործում որպես մեղադրյալ ներգրավել նաև Նիկոլ Փաշինյանին: Հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդության լուծումը: