Լրագրությունը Հայաստանում որպես մասնագիտություն նսեմացվում է․ «Թղթակիցներ առանց սահմանների»

«Թղթակիցներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը ներկայացրել է 2022թ. մամուլի ազատության ամենամյա ինդեքսը, որում գնահատվում է լրագրության վիճակը 180 երկրներում։ Հայաստանը զբաղեցնում է 51-րդ տեղը (2021-ին՝ 63-րդ)։

Չնայած բազմակարծության միջավայրին՝ ԶԼՄ-ները Հայաստանում բևեռացված են մնում։ Երկիրը բախվում է ապատեղեկավության և ատելության հրահրման աննախադեպ մակարդակի, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցում տարածքային վեճի առումով։

Հայաստանում նորությունների հիմնական աղբյուրները սոցիալական ցանցերն են, որոնցից ամեն օր օգտվում է բնակչության երկու երրորդը։ 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո մեդիալանդշաֆտը մեծացել է։ Ավելացել են անկախ լրատվական ինտերնետ-կայքերը։ Այնուամենայնիվ, հեռարձակող և տպագրվող ԶԼՄ-ների մեծ մասը, կապված լինելով խոշոր քաղաքական և կոմերցիոն շահերի հետ, շարունակում է հանդիպել ճնշման՝ իր խմբագրական քաղաքականության պատճառով։

ԶԼՄ-ների բևեռացումը քաղաքական դաշտի բևեռացման արտացոլումն է. ԶԼՄ-ների մեծ մասը մոտ է քաղաքական ղեկավարներին, որոնք ի հայտ են եկել 2018-ից հետո, այն դեպքում, երբ մյուսները հավատարիմ են մնում հին օլիգարխներին։ Միայն մի խումբ ԶԼՄ-ներ են անկախություն դրսևորում։ 2020 թվականից քաղաքական երկու թեմա հատկապես զգայուն է դարձել՝ պատերազմը Լեռնային Ղարաբաղում և պայքարը համավարակի դեմ։ Որոշ քաղաքական խմբեր ապատեղեկատվական գործողություն են վարում և հարձակվում են լրագրողների վրա։

Հատվածի իրավական բազան բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափորոշիչներին։ Վերջին բարեփոխումները ապատեղեկատվության և տեղեկությունը չհրապարակելու հրամանների հետ կապված խնդիրը չեն լուծել։ Ընդհակառակը, զրպարտության քրեականացումը, որի տուգանքի չափը եռակի ավելացել է, լուրջ սպառնալիք է լրագրողների համար։ Հանրային տեղեկատվության հասանելիությունը կառավարության կողմից սահմանափակված է (հրաժարվում են պատասխանել, ուշացնում են պատասխանները և այլն)։

ԶԼՄ-ների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած մարդկանց կամ ազդեցիկ հասարակական գործիչների կողմից։ Քիչ թվով ԶԼՄ-ներ անցել են վճարովի բաժանորդագրության մոդելին, իսկ գովազդի շուկան բավականաչափ զարգացած չէ, ինչը սահմանափակում է մասնավոր ԶԼՄ-ների ֆինանսական անկախությունը։ Պետական ԶԼՄ-ները հեռու են մնում կառավարության ցանկացած քննադատությունից։ ԶԼՄ-ներ տնօրինելու թափանցիկությունը երաշխավորող իրավական նոր բազայի ներդրումը դեռ չի սկսվել։

Լրագրությունը որպես մասնագիտություն  նվաստացվում է և ենթարկվում ատելության հատկապես տագնապալի հրահրման։ Հակամեդիական հռետորաբանությունը քաղաքական էլիտաների կողմից, որոնք լրագրողներին մեղադրում են «կոռուպցիայի» և այն բանի մեջ, որ նրանք ծառայում են իրենց հակառակորդներին, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքին։ Նրանք մշտապես ենթարկվում են վիրավորանքների, հարձակումների և դաժան հետապնդումների զրպարտության համար, ինչն ուժեղացնում է ինքնագրաքննությունը։

2021 թվականը դժվար էր ԶԼՄ-ների և լրագրողների համար Լեռնային Ղարաբաղում պատերազմի, նախատեսված ընտրությունների և համավարակի պատճառով։ Նախարարի հարձակումը ընդդիմադիր պարբերականի լրագրողի վրա, որին հաջորդել են բազմամսյա հետաքննությունները, որոնք ավարտվեցին դատարանի կողմից նախարարի մեղքը չընդունելով, լուրջ խոչընդոտ է մամուլի ազատության ճանապարհին։ Ընդհանուր առմամբ, բռնությունը լրագրողների նկատմամբ մնում է անպատիժ։