Ադրբեջանը հող է նախապատրաստում ագրեսիայի, հնարավոր է, նույնիսկ ոչ թե տեղային բնույթի, այլ լայնամասշտաբ պատերազմի համար

Խնդիրն Արևմուտքի կողմից Ռուսաստանի համար երկրորդ ճակատի բացումն է

 

Անկախ նրանից, որ ընդդիմություն այս օրերին Նիկոլ հողատուի հրաժարականն է պահանջում և առաջիկայում էլ պահանջելու է, Հայաստանի ոստիկանական բռնապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, ինչպես նաև նրա դրածո պաշտպանության նախարարը պարտավոր են ժամանակին մտածել ու համապատասխան միջոցառումներ ձեռնարկել Ադրբեջանի հնարավոր ագրեսիայից Հայաստանի տարածքը և բնակչությանը պաշտպանելու համար: Ներքաղաքական իրավիճակը նրանց չի ազատում վերոնշյալ պարտականությունից, իսկ զգուշացված լինելու պարագայում ժամանակին համապատասխան միջոցառումներ չձեռնարկելը լինելու է ոչ թե հանցավոր անգործություն, հանցավոր անփութություն, այլ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈւԹՅՈւՆ:

Ընդգծում ենք, որ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում վերոնշյալ միջոցառումներից մեկը, առանց վայրկյան իսկ հապաղելու, Ռուսաստանի Դաշնության, նաև ՀԱՊԿ օգնությանը դիմելն է` ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածի համապատասխան, իսկ չդիմելը, ուշացած դիմելը կամ պայմանագրի ոչ համապատասխան (2-րդ) հոդվածով դիմելը, ինչպես նախորդ անգամ, լինելու է պետական դավաճանություն, որակվելու է որպես այդպիսին, պատիժն էլ նվազագույնը լինելու է համարժեք բոլոր նրանց, ովքեր, Հայաստանի օրենսդրությանը համապատասխան, ՀԱՊԿ-ին դիմելու և Հայաստանի պաշտպանությունն ապահովելու լիազորությունը և պարտականությունն ունեն:

Ինչո՞ւ առաջացավ այս հրապարակման և Նիկոլին, ընդհանրապես, Հայաստանի իշխանությանն ուղղված այս զգուշացման և պահանջի անհրաժեշտությունը… Երեկ` մայիսի 1-ին, «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչվածը հանդես եկավ հետևյալ հաղորդագրությամբ .

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 30-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»:

Այսօր Հայաստանի ՊՆ կոչվածը հանդես եկավ նույնաբովանդակ հերթական հաղորդագրությամբ .

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությամբ, հայտարարելով, թե իբր մայիսի 1-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»:

Բնավ չզարմանաք, եթե ՊՆ կոչվածը վաղը, մյուս օրը կամ առաջիկա օրերին դարձյալ հանդես գա նույնաբովանդակ հաղորդագրությամբ կամ հաղորդագրություններով: Ճիշտ նույն իրավիճակն է եղել նաև Քառասունչորսօրյա պատերազմից առաջ, ու պարզ երևում է, համենայն դեպս, գրեթե կասկած չունենք, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանի նկատմամբ ագրեսիայի, նույնիսկ, շատ հնարավոր է, ոչ թե տեղային բնույթի ագրեսիայի, այլ լայնամասշտաբ պատերազմի համար:

Արտաքուստ կարող է թվալ, թե վերոնշյալ ապատեղեկատվության հրապարակմամբ արտաքին թշնամու կողմից նախապատրաստվող հնարավոր ագրեսիան կապված է Հայաստանում ընդդիմության նախաձեռնած գործողությունների, ներքաղաքական իրավիճակի լարման և առաջիկա առավել թեժացման հետ, սակայն միայն արտաքուստ…

Իրականում այն պայմանավորված է արտաքին քաղաքական, ռազմական, ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական զարգացումներով` կապված Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության, Ռուսաստան- ԱՄՆ, Ռուսաստան- ՆԱՏՕ հակամարտության, Ռուսաստանը կործանելու կամ ծնկի բերելու, Պուտինին ու նրա վարչախումբը տապալելու ԱՄՆ-ի, Արևմուտքի պլանների ձախողմամբ և վերջինների կողմից իրենց մտադրությունն իրականացնելու նպատակով այստեղ, մեր տարածաշրջանում Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելու մտադրությամբ: Ինչպե՞ս… Սկզբում Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմամբ, ապա Ռուսաստանի և Ադրբեջանի բախմամբ, իսկ այնուհետև բռնկված պատերազմում Թուրքիայի շատ արագ ներգրավմամբ:

Բնավ պատահական չէ, Ադրբեջանի ՊՆ-ի վերոնշյալ ապատեղեկատվություններից գրեթե անմիջապես առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հակառուսական աննախադեպ կոշտ հայտարարությամբ, իսկ առաջին ապատեղեկատվությանը զուգահեռ` մայիսի 1-ին, Թուրքիայի արտգործնախարարությունը հրապարակել է Ռուսաստանին ուղղված աննախադեպ զգուշացում: Այս ամենի մասին հանգամանորեն` սույն հոդվածի երկրորդ մասում:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան