Ոստիկանների արածը բարբարոսություն է, և ես մտահոգություններ ունեմ՝ արդյո՞ք նրանք ոստիկաններ են (տեսանյութ)

Այսօր դիմադրության շարժման անհնազանդության ակցիաներից մեկի ժամանակ բերման է ենթարկվել նաև փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, որն իր ֆեյսբուքյան էջում այդ մասին տեղեկացնելով՝ գրել էր․ «Ադրբեջանի հանրապետության ոստիկանները իմ նկատմամբ բռնություն կիրառելով, հագուստս դիտավորյալ պատառոտելով բերման են ենթարկում: Ես հավաքի վայրում իրականացնում էի փաստաբանական առաքելություն»։ LIVEnews.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ ինքն այդ պահին իրականացնում էր Հովհաննես Հարությունյանի փաստաբանի առաքելությունը, և երբ նրան բերման են ենթարկել ոստիկանները, փաստաբանը հետաքրքրվել է պատճառների մասին, որից հետո ոստիկանը բղավել է՝ լավ ենք անում, և հրահանգել Կոչուբաևին ևս բռնի ուժի կիրառմամբ նստեցնել ոստիկանական մեքենան։ Ավելի ուշ փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ իրեն ազատ են արձակել՝ հրաժարվելով փաստաթղթավորել․ «Դուրս եկա ոստիկանությունից, հրաժարվել են փաստաթղթավորել՝ պատճառաբանելով, որ ինձ բերման չեն ենթարկել, այլ մտածել են, որ ես կուզենայի ցուցարարների հետ գնալ բաժին, տարել են: Լուսանկարում էլ եմ ես. տղերքը համոզում են, որ գնամ բաժին: Ընկճվել չկա, շարժվեցինք առաջ»,- գրել է նա:

Մեզ հետ զրույցում պարզաբանելով իր նկատմամբ ոստիկանների վերաբերմունքը՝ Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ այդկերպ ոստիկանությունը փորձել է կանխել իրենց պատասխանատվության ենթարկելու քայլերը, քանի որ փաստաբանի նկատմամբ նման վերաբերմունքը նախ կարող էր միջազգային բացասական արձագանքի արժանանալ և գնահատականի, ինչպես նաև պատժելի է քրեական օրենսգրքով։ Նա հայտնեց, որ անպայման զբաղվելու է օրինազանց ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցերով հանրահավաքի մասնակիցների իրավունքները պաշտպանելուց հետո։

Մանրամասները՝ տեսանյութում