125 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ

Այսօր առավոտյան մեկնարկած խաղաղ անհնազանդության ակցիաների վայրերում ոստիկանությունը կենտրոնացրել է մեծաթիվ ուժեր։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից  հայտնեցին, որ այս պահի դրութամբ 125 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ։Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը:

Հիշեցնենք, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։