«Ազատագրական Շարժում». Վաղը բոլորս դեպի Երևանի Ֆրանսիայի հրապարակ

«Ազատագրական շարժումը» տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Ապօրինի սահմանագծման և սահմանազատման փաստաթուղթ ստորագրելը կանխելու համար 2021թ. նոյեմբերի 22-ից տարբեր անհատների, հասարակական միավորների և կուսակցությունների մասնակցությամբ ձևավորվել է «Ազատագրական շարժումը»:

Բողոքի ակցիաներ կազմակերպելուց հետո Ազատագրական շարժումը 2022թ. նոյեմբերի 27-ին պահանջել է ՀՀ նախագահի և վարչապետի պաշտոնները զբաղեցրած անձանց հրաժարականները:

2022թ. փետրվարի 25-ից Ազատագրական շարժման կողմից օրական մի քանի ժամով Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի ընդամենը մեկ կետում նախաձեռնվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի ստորագրահավաքը, որին այս պահի դրությամբ միացել է արդեն 21327 (քսանմեկ հազար երեք հարյուր քսանյոթ) գաղափարակից:

2022թ. ապրիլի 19-ին Ազատագրական շարժումը ողջունել էր խորհրդարանական և առհասարակ ընդդիմադիր ուժերին՝ վերջապես ապակենտրոն պայքար սկսելու համար: Միևնույն ժամանակ հույս էր տածել, որ ընդդիմադիր դաշտում գործող ուժերն այս անգամ վճռական կգտնվեն ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին:

2022թ. ապրիլի 26-ից Ազատագրական շարժման անդամներն իրականացրել են բողոքի ամենօրյա ակցիաներ հետևյալ խորագրերով՝

1)      «Ազատագրում ներքին և արտաքին թշնամուց» -26.04.2022թ.
2)      «Ազատագրում այլասերումից»- 27.04.2022թ.
3)      «Ազատագրում պառակտվածությունից»-28.04.2022թ.
4)      «Ազատագրում ստից և ստախոսներից»- 29.04.2022թ.
5)      «Ազատագրում վախերից և վախկոտությունից»-30.04.2022թ.:

«Ազատագրական շարժումը» կոչ է անում արժանապատիվ հայրենակիցներին, այդ թվում՝ ստորագրահավաքին միացած 21327 գաղափարակիցներին, մասնակցել 2022 թվականի մայիսի 1-ին ժամը 16:00-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում (Օպերայի հարևանությամբ) հրավիրված համընդհանուր հանրահավաքին:

Վերջապես պետք է հասկանալ, որ չկա որևէ անձնական, խմբային և նույնիսկ կուսակցական շահ, որը կարելի է վեր դասել ընդհանուր հայրենիքի և ազգային շահերից: Հետևաբար` առանց համազգային համախմբման դժվար է ազատագրվել այս «թուրքական լծից»:

«Ազատագրական շարժման» համակարգող խորհուրդը դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 28-ին հրապարակած  ռազմավարության մեջ սահմանել էր, որ այս թուրքահպատակ իշխանություններից ազատվելու նպատակով պատրաստ է համագործակցել բոլոր ազգային-պետական մտածողություն ունեցող ընդդիմադիր ուժերի հետ:

Երբ համախմբված հայությունով ազատագրենք Հայաստանն այս իշխանություններից, անհրաժեշտ է լինելու ազգային միասնության և համերաշխության կարգով ձևավորել ժամանակավոր կամ անցումային կառավարություն: Ժամանակավոր կամ անցումային կառավարության անդամների թեկնածուները պետք է իրենց գործունեությամբ համապատասխանեն և կրողը լինեն հետևյալ (7) յոթ սկզբունքների՝
1․ Հայաստանի պետականության (ինքնիշխանության) պահպանում.
2․ Արցախի ինքնորոշման ճանաչում․
3․ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման սատարում․
4․ Հայոց բանակի հզորացում․
5․ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության արժևորում․
6․ Ազգային արժեքների պահպանում․
7․ Կոռուպցիայի վերացման իրական քայլերի իրականացում:

Մենք վերահաստատում ենք եռագույնի ներքո համագործակցելու մեր պատրաստակամությունը, երկիրն այս դժվարին վիճակից հանել ցանկացող բոլոր ազգային և պետական մտածողությամբ ընդդիմադիր ուժերի հետ:

Ժամանակն է եկել «Հայրենասերից» դառնալ ՀայրենաՏեր ու Տեր լինել մեր Երկրին, մեր արժանապատվությանն ու մեր ապագային։

2022թ. մայիսի 1-ին ժամը 16:00-ին  բոլորս դեպի Երևանի  Ֆրանսիայի հրապարակ»։