Դատախազի խիղճը շարժվել ա, ասեց՝ ամենաարդար պահանջը ձերն ա․ խնդրում ենք, որ հրապարակային լուծեն հարցը (տեսանյութ)

Զոհված զինծառայողների ծնողներն այսօր ակցիա են անում Դատախազության դիմաց։

Հիշեցնենք, որ ապրիլի 26–ից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են արդար քննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի աղետալի հետևանքների համար, նրան ներգրավվել որպես մեղադրյալ։

Ավելի վաղ գլխավոր դատախազությունից ծնողներին տեղեկացրել էին,  որ վարչապետի մասով միջնորդությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե և հինգ օր հետո միայն պարզ կլինի, թե ինչ գործողություններ են կատարվելու։

Երեկ՝ ապրիլի 29-ին, զոհված զինծառայողների ծնողները փակել էին Վազգեն Սարգսյան փողոցը և հանդիպում էին պահանջում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Նրանք նշել էին, որ փակ են պահելու փողոցն այնքան ժամանակ, քանի դեռ դատախազը չի հանդիպել իրենց հետ։ Այնտեղ էին նաև «Հայաստան» խմբակցության  պատգամավորներ Արթուր Ղազինյանը և Արամ Վարդևանյանը։

Դատախազությունից առաջարկել էին, որ Արթուր Ղազինյանը բարձրանա Դատախազություն՝ ծնողների պահանջները քննարկելու, սակայն ծնողները մերժել են առաջարկը՝ նշելով, որ իրենք պիտի հանդիպեն դատախազի հետ։