Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի անշեղ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դարչիաշվիլի

Աշխարհաքաղաքական արագ փոփոխվող միջավայրում կարևոր է ամրապնդել մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները, որպեսզի միասին կարողանանք հաղթահարել նոր մարտահրավերները և օգտվել հնարավորություններից, այսօր՝ ապրիլի 30-ին, Երևանում ասաց Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։

Նրա խոսքով՝ Երևան այցի ընթացքում ինքը հնարավորություն ունի հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

«Պարոն Միրզոյանի հետ մանրամասն քննարկել ենք տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներն ու մարտահրավերները, այդ մարտահրավերների հաղթահարմանն ուղղված մեր համատեղ ջանքերը։ Վրաստանը միշտ աջակցել է խաղաղ համագործակցությանն ու համակեցությանը Հարավային Կովկասում։ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի անշեղ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչը վկայում է երկու երկրների գործընկերության մասին»,- ասաց Վրաստանի արտգործնախարարը։

Նա նշել է Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական և տնտեսական համագործակցության հսկայական ներուժը։

«Առևտուրը, տրանսպորտը, էներգետիկան, զբոսաշրջությունը, մշակույթը, կրթությունն այն ոլորտներն են, որոնք կարևոր դեր են խաղում մեր երկկողմ հարաբերություններում։ Հատուկ ուշադրություն է դարձվել մեր տարածաշրջանի տարանցիկ ներուժին, որը կրիտիկական նշանակություն ունի ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի Հանրապետության համար։ Ընդգծվել է, որ կողմերը կնպաստեն տարանցիկ նոր նախագծերին՝ հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական նպատակներն ու խնդիրները։ Տնտեսական համագործակցության տեսակետից մենք կարևոր ենք համարում ներուժի լիարժեք իրացումը»,- ընդգծեց Իլյա Դարչիաշվիլին։

Նա գոհունակություն հայտնեց երկկողմ տնտեսական հանձնաժողովների հանդիպումների պարբերական անցկացման կապակցությամբ, որոնցում քննարկվում են մի շարք կարևոր հարցեր։

Վրաստանի արտգործնախարարը պատրաստակամություն հայտնեց նաև ընդունել ՀՀ արտգործնախարարին Թբիլիսիում իրեն հարմար պահին, ինչը լավ խթան կհանդիսանա երկրների միջև հարաբերությունների զարգացման համար։