Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել հայ գերիներին և քաղաքացիական անձանց. Արարատ Միրզոյան

Պետք է նշեմ, որ, ցավոք, հումանիտար խնդիրները շարունակում են չլուծված մնալ։ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը, շարունակում է պատանդ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, Երևանում Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլու հետ հանդիպմանը ԶԼՄ-ների համար հայտարարության ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Այսօր մենք անդրադարձանք նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրներին։ Ես իմ գործընկերոջը հանգամանալից ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը, տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված գործընթացները՝ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բանակցությունների հետ կապված։ Այդ համատեքստում ես ընդգծեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջ մղման գործում։ Պետք է նշեմ, որ, ցավոք, հումանիտար խնդիրները շարունակում են չլուծված մնալ։ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը, շարունակում է պատանդ պահել հայ ռազմագերիներին և խաղաղ բնակիչներին»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։

Նա առանձնահատուկ կարևոր խնդիր անվանեց Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ինքնության աղավաղումն ու ոչնչացումը, մասնավորապես՝ հիշատակելով Հադրութի հայկական Սուրբ Հարություն եկեղեցու վերջին պղծման փաստը։

«Այդ վանդալիզմի կրկնությունը կանխելու համար, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, ակտուալ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցը տարածաշրջան»,- ընդգծեվ ՀՀ արտգործնախարարը: