ՀՀ միամիտ, բարի քաղաքացի, դու մինչ օրս հավատում ես, որ ես կարող եմ դրական բան անել այս երկրի համար. Փաշինյանի իրական շնորհավորանքը

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանի իրական շնորհավորանքը «Քաղաքացու օրվա առթիվ»՝

«ՀՀ միամիտ, էմոցիոնալ, բարի քաղաքացի, դու մինչ օրս հավատում ես, որ ես կամ իմ թիմը կարող ենք դրական որևէ բան անել այս երկրի համար: Դու դեռ չես հասկանում, թե ինչ խայտառակ ու ճակատագրական պարտության եմ տարել ես երկիրը, գիտե՞ս ինչու եմ արել, որովհետև ես ամեն գնով փորձել եմ պահել վարչապետի աթոռը, դա թանկ ու անգին աթոռ է: Ես դա անուղղակի խոստովանել եմ, իսկ դու անգամ չես նկատել: Դա ինձ հաջողվեց, շնորհակալ եմ քեզ ՀՀ քաղաքացի այդ միամտության, քարոզչական հնարքներին տրվելու բացառիկ ունակության համար: Դու նաև չես հասկանում, թե որքան մեծ արագությամբ եմ ես նորանոր փորձություններ ստեղծում երկրի համար, ես դա անում եմ մաքսիմալ կոծկված՝ երբեմն ապահովելով ԱԺ շոուները՝ քո միամիտ հետաքրքրությունը բավարարելու համար:

Այսօրվա առթիվ ես առանձնակի շնորհակալ եմ նախկիններին, որովհետև եթե չլինեին նրանք, չէի լինի ես, մենք օդ ու ջրի պես պետք ենք իրար, մենք դա հասկանում ենք, դրա համար էլ միասնաբար ենք քանդում երկիրը՝ ազդելով քո էմոցիաների վրա, սիրելի, միամիտ քաղաքացի: Դու դեռ կարծում ես, թե ես մի օր նրանց կձերբակալեմ, ապրես, լավ ես անում՝ կարծի, ես, իհարկե, դա երբեք չեմ անի, նրանք պետք է հավերժ ապրեն ազատ ու երջանիկ, իսկ դու միշտ՝ միամիտ ու իմ խոսքին դեռ հավատացող:

ՀՀ քաղաքացի, ես մինչ օրս ապշած եմ ու հիացած, թե ինչպես այսքան ստերից, քեզ այսքան խաբելուց, ամեն խոստումս դրժելուց հետո, դու մտածում ես, որ ես տարբերվում եմ նախկիններից: Այնքան աղետ, որ ես եմ բերել, ոչ մի նախկին չէր կարող անել, բայց կարևորը նրանք կան ներկայում և կերաշխավորեն իմ ապագան, իմ միամիտ, քաղաքացի:

Ամփոփելով ասեմ, որ ես կշարունակեմ ինձ դնել Մովսես առաքյալի տեղը և ասել, որ առաջնորդում եմ նավը, դու հավատացյալ ժողովուրդ ես, ազդվում ես աստվածաշնչյան մեջբերումներից, ես էլ դա օգտագործում եմ, թեև ես բոլորից լավ գիտեմ, թե որքան ջախջախված, անկարող ու պարտված ղեկավար եմ ես, նույնիսկ երկու օրվա խաղաղություն չեմ կարող ապահովել, ուր մնաց՝ դարաշրջան բացեմ, բայց կապ չունի՝ ես սիրում եմ ղեկավար լինել, դա իմ կյանքի նպատակն է:

Կապ չունի, որ իմ ղեկավարման շրջանում Ալիևը շարունակ կնեսեմացնի ու կանպատվի քեզ, ՀՀ քաղաքացի, դու գլուխդ խոնարհ կանցնես դրա միջով էլ, դիմացկուն ես: Ես հիանում եմ քեզնով, ՀՀ քաղաքացի, չգիտեմ աշխարհում էլ որտեղ քո պես միամիտ ու ջինջ քաղաքացի կգտնեի, որ այսքան խաբեի ու մնայի անպատիժ: Շնորհակալ եմ, որ կաս…»։