Մինչ աշխարհը խառնված է պատերազմով, Չինաստանում գրանցվել է H3N8 թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքը

Երեխաների մոտ անհայտ ծագման սուր հեպատիտի դեպքերն էլ արձանագրվում են աշխարհի նորանոր երկրներում

 

Չինաստանի Խենան նահանգում գրանցվել է H3N8 թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքը, այս մասին օրերս հայտնել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական ​​կոմիտեն։

Նշվում է, որ հիվանդը Չժումադյան քաղաքային շրջանում բնակվող 4 տարեկան տղա է։ Մինչ ախտանիշների ի հայտ գալը, երեխան շփվել է տնային թռչունների հետ, իսկ տանից ոչ հեռու հանդիպել են նաև վայրի բադեր։ Առաջին ախտանիշները, այդ թվում՝ ջերմությունը, տղայի մոտ ի հայտ են եկել ապրիլի 5-ին, իսկ ապրիլի 10-ին նա հոսպիտալացվել է վիճակի վատթարացման պատճառով։ Ապրիլի 24-ին թեստավորումից հետո երեխայի մոտ հայտնաբերվել է H3N8 վարակ:

«Փորձագետների նախնական գնահատմամբ՝ H3N8 գրիպի վիրուսը թռչնի ծագում ունի և նախկինում մարդկանց արդյունավետ վարակելու հնարավորություն չի ունեցել,- «РИА Новости»-ի տեղեկացմամբ, նշված է Չինաստանի Ժոովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական ​​կոմիտեի հաղորդագրության մեջ:- H3N8 վիրուսը հայտնաբերվել է ձիերի, շների, թռչունների և փոկերի մոտ ամբողջ աշխարհում, սակայն մարդկանց մոտ H3N8-ի որևէ դեպքի մասին չի հաղորդվել»:

Թեև ըստ ՉԺՀ ​​հիշյալ կոմիտեի, դեպքը թռչնից պատահականորեն մարդուն է փոխանցվել և վիրուսի լայնածավալ տարածման ռիսկը ցածր է, սակայն այն ամենից հետո, ինչ մենք գիտեինք և հատկապես վերջին 2 ամսում իմացանք աշխարհի բազմաթիվ երկրներում ԱՄՆ-ի հիմնած, հիմնանորոգած, լաբորատոր սարքավորումներով հագեցրած, Պենտագոնի ֆինանսավորմամբ և ամերիկյան մասնագետների, վերահսկողների, համակարգողների մասնակցությամբ գործող կենսալաբորատորիաների, ինչպես նաև Միացյալ Նահանգների ռազմակենսաբանական ծրագրերի մասին, վերոնշյալ պատահականությանը մի փոքր դժվար է հավատալ:

Բնականաբար, հարց է առաջանում` այդ ինչո՞ւ H3N8 թռչնագրիպի վիրուսը նախկինում թռչնից պատահականորեն մարդուն չի փոխանցվել, բայց հիմա փոխանցվեց… Արդյոք որևէ կենսալաբորատորիայում վիրուսի գենոմի արհեստական փոփոխություն չի՞ կատարվել, ինչը վիրուսին տվել է թռչնից մարդուն փոխանցվելու հնարավորություն:

Ինչ վերաբերվում է վերոնշյալ կոմիտեի այն կարծիքին, որ վիրուսի լայնածավալ տարածման ռիսկը ցածր է, ապա նախ նկատենք, որ Չինաստանի առողջապահության հարցերով պետական ​​կոմիտեն, այսուամենայնիվ, չի բացառել վիրուսի լայնածավալ տարածման հնարավորությունը, նշված ռիսկն ընդամենը ցածր է համարել, ինչը կարող է ունենալ խուճապային տրամադրությունների առաջացումից խուսափելու նպատակ: Առավել ևս` այդ երկրում վերջերս առաջացած իրավիճակի պայմաններում:

Չինաստանում վերջին շրջանում Covid-19-ի նոր տարբերակների պատճառով գնալով ավելանում են կորոնավիրուսային հիվանդության դեպքերը: Թեև դրանց ընդհանուր քանակը մեծ չէ, բայց առկա է որոշակի վտանգ, ընդ որում, այն աստիճանի, որ Չինաստանի տնտեսության ու տրանսպորտի սահմանափակումները, ակտիվության նվազումն ազդել են նույնիսկ նավթի համաշխարհային գների վրա. Չինաստանում նավթի սպառման առկա և, հատկապես, կանխատեսվող նվազման պատճառով նշված վառելիքի համաշխարհային գների որոշ անկում է գրանցվել :

Չինաստանում H3N8 թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքի արձանագրումից բացի, աշխարհն օրերս իմացավ նաև, որ երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի 169 դեպք է գրանցվել: «РИА Новости»-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Կազմակերպության տվյալների համաձայն՝ 12 երկրում երեխաների մոտ գրանցվել է անհայտ ծագման սուր հեպատիտի գրեթե 170 դեպք, որոնցից առնվազն մեկը, ըստ ԱՀԿ ունեցած տեղեկատվության, հանգեցրել է մահվան:

«2022 թվականի ապրիլի 21-ի դրությամբ անհայտ ծագման սուր հեպատիտի առնվազն 169 դեպք է գրանցվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 11 երկրում և Ամերիկայի տարածաշրջանի մեկ երկրում»,- նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ երեխաների մոտ սուր հեպատիտի ընդհանուրը 169 դեպքից 114-ը գրանցվել է Մեծ Բրիտանիայում, 13 դեպք` Իսպանիայում, 12-ը՝ Իսրայելում, 9-ը՝ ԱՄՆ-ում, 6-ը՝ Դանիայում։ Հինգից քիչ դեպք է հայտնաբերվել Իռլանդիայում, չորս-ական դեպք` Իտալիայում և Նիդեռլանդներում, երկուական դեպք` Նորվեգիայում և Ֆրանսիայում, մեկական դեպք` Ռումինիայում և Բելգիայում:

Ըստ ԱՀԿ-ի տվյալների, հիվանդների տարիքը 1 ամսականից մինչև 16 տարեկան է։ Հիվանդների մոտ 10%-ին անհրաժեշտ է լյարդի փոխպատվաստում:

Կազմակերպությունը հայտնել է, որ հեպատիտի A, B, C, E և D տիպերի վիրուսները նշված դեպքերից և ոչ մեկում չեն հայտնաբերվել։ Առնվազն 74 դեպքում հայտնաբերվել է ադենովիրուս, իսկ 18 մարդու մոտ մոլեկուլային թեստավորման արդյունքում հայտնաբերվել է F խմբի ադենովիրուս (տիպ 41): Թեստավորվածների շրջանում միաժամանակ հայտնաբերվել է SARS-CoV-2-ի 20 դեպք։ Բացի այդ, 19 մարդու մոտ հայտնաբերվել է SARS-CoV-2-ով և ադենովիրուսով միաժամանակյա վարակվածություն:

Ինչպես նշում է ԱՀԿ-ն, ադենովիրուսի և այլ տարածված վարակների կանխարգելման ընդհանուր միջոցները ներառում են ձեռքերի կանոնավոր լվացումը և շնչառական հիգիենան: Կազմակերպությունը ԱՀԿ անդամ երկրներին խորհուրդ է տվել հետաքննել երեխաների մոտ սուր հեպատիտի դեպքերը և հայտնել իրեն դրանց մասին:

ԱՀԿ-ն, միևնույն ժամանակ, խորհուրդ չի տվել Մեծ Բրիտանիայի կամ որևէ այլ երկրի հետ, որտեղ սուր հեպատիտի դեպքեր են հայտնաբերվել, ճանապարհորդության կամ առևտրի սահմանափակումներ մտցնել, մինչդեռ առնվազն Մեծ Բրիտանիայի պարագայում, որտեղ անհայտ ծագման հեպատիտի ամենամեծաթիվ դեպքերն են գրանցվել (169-ից 114-ը) տվյալ խորհուրդը, կարծում ենք, պետք է անպայման տրվեր: Փաստորեն ԱՀԿ-ի համար դաս չի եղել 2020թ. սկզբին Covid-19-ի հետ կապված իր հանցավոր դանդաղկոտությունը, երբ այն աշխարհում դեռ ընդամենը համաճարակ էր ու չէր վերածվել համավարակի: ԱՀԿ-ն, որն ԱՄՆ- Անգլիա «սիամական զույգի» կամակատարն է, ինչպես կարող էր Մեծ Բրիտանիայի հետ ճանապարհորդության, առևտրի սահմանափակումներ մտցնելու խորհուրդ տալ և այդպիսով վնասել նրա տնտեսությանը:

Ապրիլի 27-ին` ԱՀԿ վերոնշյալ հաղորդագրությունից արդեն 4 օր անց, մամուլի ասուլիսում առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսի հաղորդած տեղեկատվությունից հայտնի է դարձել, որ ապրիլի 25-ի դրությամբ անհայտ ծագման սուր հեպատիտով դեպքեր են գրանցվել եվրոպական տարածաշրջանի նաև այլ երկրներում. 12-ը` միայն Եվրամիության անդամ երկրներում:

«ԵՄ-ն շատ ուշադիր հետևում է իրավիճակին, այն մտահոգիչ է»,- ասել է Կիրիակիդեսը:

Քանի որ լաբորատոր թեստերը չեն հայտնաբերել հեպատիտի A, B, C, E և D տիպերի վիրուսներ, սակայն մի քանի դեպքերում հնարավոր է եղել հայտնաբերել SARS-CoV-2 կորոնավիրուս կամ (և) ադենովիրուս, մնում է ենթադրել, որ անհայտ ծագման սուր հեպատիտի ի հայտ գալու պատճառը կամ վերոնշյալ տիպերին չպատկանող, բժշկագիտությանը դեռ անհայտ ու չհայտնաբերվող վիրուսն է` հիշյալ կենսալաբորատորիաներից որևէ մեկից դուրս պրծած, կամ էլ, ըստ որոշ մասնագետների ենթադրության, կորոնավիրուսային հիվանդության դեմ վտանգավոր պատվաստումների (այդ թվում նաև` հղիների և անչափահաս երեխաների շրջանում) հետևանքներից մեկը:

 

Արթուր Հովհաննիսյան