Սուրեն Պապիկյանն այցելել է մարտական հենակետեր

Ապրիլի 29-ին աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։

ՊՆ տեղեկացմամբ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասում ընթացող շինարարական և հիմնանորոգման աշխատանքներին, մոդուլային տիպի շինություններում զինծառայողների համար ստեղծված կենցաղային պայմաններին։

Սուրեն Պապիկյանը եղել է նաև սահմանագոտու մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ։

Պաշտպանության նախարարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել մարտական դիրքերի ու ենթակառուցվածքների անվտանգության ապահովման և տեխնիկական հագեցման խնդիրներին, տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ՝ իրականացվող ամրաշինական և կահավորման աշխատանքները պատշաճ որակով և սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու վերաբերյալ։