ՍԴ-ը սահմանադրական է ճանաչել Ալեն Սիմոնյանի ընտրությունը

Սահմանադրական դատարանն այսօր սահմանադրական է ճանաչել Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, որի իրավաչափությունը վիճարկում էին ընդդիմադիր պատգամավորները։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

Հիշեցնենք, որ 2021-ի սեպտեմբերին ԱԺ ընդդիմադիր ուժերը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, դիմել էին Բարձր դատարան՝ վիճարկելով Ազգային ժողովի նախագահի ընտրության սահմանադրականության հարցը՝ պնդելով, որ Ազգային ժողովի նախագահի իրենց թեկնածուները՝ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը, հնարավորություն չեն ունեցել մասնակցելու խորհրդարանի նիստին կալանավորված լինելու պատճառով, և նրանք հնարավորություն չեն ունեցել նեկայացնել իրենց ծրագիրը, այդպիսով խախտվել է նրանց սահմանադրական իրավունքը։

8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ԱԺ նախագահ էր ընտրվել Ալեն Սիմոնյանը։