Փաշինյա՛ն, նոր Մարտի 1 չսադրե՛ս

Հարցազրույց 44- օրյա պատերազմի մասնակից, հրամանատար, 5165 կուսակցության խորհրդի անդամ, իրավաբան Արամ Պետրոսյանի հետ։

Փաշինյանը խորհրդարանում անդրադառնալով  հարցին` հնարավո՞ր էր կանխել պատերազմը, պատասխանեց այսպես. «Այո, հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, ինչ հիմա է, սակայն առանց զոհերի»։ Նրա խոսքը, որ  համարվեց հանցագործության մասին հայտարարություն, առաջացրել է մեր զոհված տղաների ծնողների արդարացի զայրույթը: Որպես պատերազմի մասնակից ի՞նչ կասեք նրա այս ինքնախոստովանության առնչությամբ:

– Ի պատասխան ձեր հարցի, նախ հիշեցնեմ Փաշինյանի մեկ այլ հայտարարություն. «Եթե ես պատերազմը սկզբից կանխեի՝ ինձ կասեին՝ դու դավաճան ես»։ Սա ոչ  ադեկվատ մարդու արտահայտություն է, նա չի կարող զբաղեցնել ՀՀ վարչապետի  պաշտոնը, որովհետև գնահատելով իրավիճակը, նա ասում է, կարող էր կանխել  պատերազմը, կարող էր կանխել մի քանի  հազար տղաների սպանությունը, բայց  չի արել: Ուրեմն, նա առնվազն չպետք է զբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը։

Կարծում եմ, որ Դատախազությունը պետք է քրեական գործ հարուցի, քանի որ նրա խոսքերն առնվազն հանցագործության մասին հայտարարություն են կամ ինքնախոստովանություն։

– Ի դեպ, Փաշինյանը նման մի ինքնախոստովանություն արել էր ԱԺ ամբիոնից` հայտարարելով, թե իր որոշմամբ է ՀՀ ՊՆ նախարարը հրահանգել մեր զորքերին  հետ քաշվել Սյունիքի բարձունքներից, Կովսականից, Սանասարից։

– Դա արդեն իսկ ՀՀ Սահմանադրության խախտում է։ Մայր օրենքը հստակ ասում է, որ ՀՀ տարածքների հետ կապված ցանկացած հարց  կարող է միայն հանրաքվեով լուծվել և  որևէ պաշտոնյա չունի լիազորություն ՀՀ տարածքի հետ կապված ինչ-որ որոշումներ կայացնելու։ Գորիս-Կապան ճանապարհը կամ  Իշխանասարի հատվածը ՀՀ համար ռազմավարական նշանակության տարածքներ են, իսկ Փաշինյանը պարզ ասում է, որ իր հանձնարարականով են այդ տարածքները տրվել  թշնամուն։ Նա արել է մի քայլ, ինչի իրավունքը չի ունեցել։

– Զոհված զինվորների ծնողները հաղորդագրություն ներկայացրին Գլխավոր  դատախազություն՝ պահանջելով  պատասխանատվության ենթարկել վարչապետ Փաշինյանին` նրան որպես մեղադրյալ ներգրավելով։ Ծնողներին փոխանցվել է նաև, որ 5-օրյա ժամկետում դատախազությունը կկայացնի որոշում` Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Միաժամանակ, դատախազը Հակակոռուպցիոն կոմիտեին ցուցում է տվել զոհված զինվորների ծնողներին տուժող ճանաչել, իսկ նրանց հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ, սակայն այս որոշումը ծնողներին   չի բավարարում։ Ի՞նչ ակնկալիք ունեք Դատախազությունիցհիշենք, որ Փաշինյանն ասում էր՝ ո՞վ է այն դատավորը, որն իր ասածը չանի։ Ի՞նչ ակնկալել մի համակարգից, որը գտնվում է վերևների ճնշման տակ, դատախազ Արթուր Դավթյանը   ռիսկ կանի՞ Փաշինյանին մեղադրանք առաջադրել։

– Փաշինյանի հայտարարությունը սահմանադրական կարգի խախտում է: Սահմանադրությունը սահմանում է իշխանության երեք թևերի՝ գործադիր, օրենսդիր, դատական, հստակ տարանջատում։ Եվ նրա այդ հայտարարությունը, թե ՀՀ-ում չի կարող լինել դատավոր, ով իր ասածները չանի կամ  դատարանների դռները փակելու հրահանգը սահմանադրական կարգի խախտումներ են։ Սրանք ճչացող փաստեր են։ Ինչ վերաբերում է Դատախազությունից  հնարավոր ակնկալիքներիս, ապա վստահ եմ, որ կան ազնիվ դատավորներ,  որոնք իրենց ներքին համոզմունքով են շարժվում և որևէ ճնշման չեն ենթարկվի։ Նաև հասկանում եմ, թե ինչպիսի ճնշումների են ենթարկվել որոշ դատավորներ, որ նույնիսկ իրենց կամքին հակառակ  ստիպված են եղել ինչ-ինչ քայլեր անել։

Դատախազությունը հայտարարեց, որ տուժողի կարգավիճակի հետ կապված ցուցում է տվել և ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի գործը քննեն։ Կարծում եմ՝ դատախազը չպետք է սպասեր ծնողների հայտարարությանը, որպեսզի նման որոշում կայացներ, նա ուներ 1,5 տարի ժամանակ։ Փաստերն  էլ այնքան ակնհայտ էին, որ դատախազությունը, որպես վարչական մարմին, կարող էր ինքը նախաձեռնել և ավելի վաղ կատարեր քայլեր` չսպասելով, որ  ծնողները, որոնք  գտնվում են ծանր հոգեվիճակում, իրենք մտածեին  տուժողի կարգավիճակ ստանալու մասին։ Դատախազությունը չէ՞ր կարող ավելի վաղ  մտածել այդ մասին։

Բայց սրանով հանդերձ ես լավատես եմ: Գտնում եմ, որ այդ նույն դատախազները իրենք էլ են տուժողներ,  երկիր են կորցրել,  իրենք էլ հաստատ բարեկամներ ու ընկերներ են կորցրել, մարդիկ կան, որ եղել են սահմանին ու լավ են հասկանում, թե ի՞նչ է կատարվել։ Հուսամ, որ այս անգամ իրենց մեջ կխոսի իսկական  հայը,  ուժեղ կգտնվեն  ու չեն ենթարկվի իշխանությունից եկող հրահանգներին։ Ի վերջո, կարևորը  հայրենիքն է։

 Անմիջապես ձերբակալել վարչապետին

– Դատախազի քայլը` Հակակոռուպցիոն կոմիտեին դիմելը, արդյո՞ք չի նշանակում գործը Գլխավոր դատախազությունից հեռացնելու քայլ, կամ ժամանակ ձգելու միջոց։ Ի՞նչ ակնկալել Հակակոռուպցիոն կոմիտեից, նրա ղեկավար Սասուն Խաչատրյանից… նա կարո՞ղ է  Փաշինյանին կալանավորելու որոշում կայացնել:

– Նախ ասեմ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը։ Նշված միջնորդությունը դատախազությունն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում քննարկելու։

Ինչ վերաբերում է Սասուն Խաչատրյանին, ես նրան կանվենեմ ՔՊ-ի գլխավոր դերակատարներից մեկը: Այո, շատ դժվար է, որ նա նման որոշում կայացնի, բայց նաև հնարավոր է, եթե քրեական գործ հարուցվի,  Փաշինյանին  մեղադրյալի կարգավիճակ տրվի և կատարվի  արդար, բազմակողմանի, օբյեկտիվ քննություն:   Ժամանակը ցույց կտա: Սասուն Խաչատրյանը պետք է շատ լուրջ մտածի, որովհետև նրա որոշումից է կախված Հայաստանի ապագան:  Իսկ մեր երկրի անվտանգությունն այս պահին խոցելի վիճակում է։

– Ծնողները պահանջում են «անմիջապես վարչապետին ձերբակալել»,  պահանջում են «նրանից վերցնել ստորագրություն երկրից չհեռանալու, որ չփախչի»: Ասում են. «Նա ամեն ինչի ընդունակ է: Նա կարող է իր կորտեժով անցնել բոլորիս վրայով, որովհետև դավաճանը ամեն ինչի ընդունակ է»: Փաստորեն, ծնողները մտավախություն ունեն, որ Փաշինյանը կարող է փախչել երկրից:

– Ծնողների մտահոգությունը հասկանում եմ, բայց նախ պետք է Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ,  որից հետո նրանից վերցնել ստորագրություն երկրից չհեռանալու մասին։ Ծնողների անհանգստությունը  արդարացի է. 1,5 տարի է, որ ցանկացած քրեական գործ  կարվում է միայն Մովսես Հակոբյանի հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործին։ Դա շատ կոպիտ սխալ է: Սա մեծ ծավալի աշխատանք պահանջող գործ է, բայց հաշվի առնելով գործի հրատապությունն ու կարևորությունը` սպառվել են արդեն նաև ողջամիտ ժամկետները:

Գնդակից չեն խուսափելու հայ դավաճանները  

– Զոհված տղաների ծնողներն ասում են. «Փաշինյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, եթե ոչ՝  ծնողները կզբաղվեն սամասուդով»: Ստացվում է՝ իշխանությունն իր սխալ քաղաքականությամբ  ծնողներին մղո՞ւմ է   քայլերի, որ իրենք իրենց ձեռքով հաշվեհարդար տեսնեն։

– Այո, կա նման իրավիճակ, ու եթե շարունակվի  ձգձգվել` հնարավոր է, որ լինեն  նման դեպքեր։ Չեմ ուզենա,  որ դա լինի, կուզեմ որ իրական արդարադատություն իրականացվի, որից բոլոր տուժողներն իրենց  բավարարված կզգան։

Կա մի հոծ զանգված, որն առանց սպասելու դատարանի վճռին՝  Փաշինյանին արդեն իսկ դավաճան է համարում։ Իշխանությանն ուզում եմ  հիշեցնել, որ թուրք ստահակները՝ Թալեաթը, Էնվերն ու մյուսները, չխուսափեցին հայ վրիժառուների գնդակից, Հայոց ցեղասպանությունից տուժածների ժառանգների գործողություններից, չխուսափեցին նաև հայ դավաճանները։  Ու որպեսզի մարդիկ իրենք հաշվեհարդար չտեսնեն`  պետք է արդարադատություն իրականացվի։

Ոստիկաններից շատերը պատրաստակամ են անցնել ժողովրդի կողմը

– Անդրադառնանք ոստիկանների գործողություններին, որոնք գետնին քարշ տալով՝ բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին, «Նիկոլ դավաճան» վանկարկումների համար մարդկանց ասֆալտին են գցում,  ծեծի են ենթարկում երիտասարդներին` նրանց պատճառելով  մարմնական վնասվածքներ: Եվ արդեն նկատում ենք, որ ավելի հաճախակիացել են ցուցարարների ու ոստիկանների միջև բախումները: Արդյոք իրավաչա՞փ են ոստիկանների գործողությունները:

– Բոլոր դեպքերը պետք է  առանձին-առանձին վերլուծվեն։ Դիտում եմ  տեսանյութերը, ու նկատում եմ  կարմիրբերետավորնրի կոպիտ  գործողությունները, բայց որպեսզի դրան իրավական գնահատական տրվի՝ պետք է կատարվի  բազմակողմանի ուսումնասիրություն։ Կան դեպքեր, որ  ակնհայտորեն գործադրվում են ֆիզիկական  ճնշումներ։ Օրինակ, երբ քաղաքացին մայթին խաղաղ ակցիա է իրականացնում, ես չեմ կարողանում հասկանալ այն ոստիկանին, որը  առանց  իրավաչափ պահանջ  ներկայացնելու` քաղաքացուն  արագ  բերման է  ենթարկում։ Ոստիկանը պետք է նախ իր պահանջը ներկայացնի, որը չկատարելու դեպքում քաղաքացուն բացատրի նրա իրավունքներն ու  պարտականությունները, եթե բերման  ենթարկելու որոշում է կայացրել` հրավիրի իր մեքենա, և  չհնազանդվելու դեպքում միայն` բերման ենթարկի։ Բայց մենք տեսում ենք, թե ոստիկաններն ինչպես են գազանաբար  վերաբերվում քաղաքացիներին:  6-7 հոգով հարձակվում են  տարիքով մարդկանց վրա ու բերման են ենթարկում։

Բայց սրա հետ մեկտեղ, հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ կան նաև բարեկիրթ ոստիկաններ,  դա ոստիկանի լավ տեսակն է։ Նույնիսկ կան մեծ թվով ոստիկաններ, ովքեր  առանձնազրույցների ժամանակ մեզ ասում են` անհամբերությամբ սպասում ենք, որ ավելի մեծ թվով մարդիկ հավաքվեն հրապարակում, կրիտիկական զանգվածը հավաքվի, ասում են` պատրաստ ենք   անցնել ժողովրդի կողմը։

Հիշենք, որ 44-օրյա պատերազմում մեծ թվով ոստիկաններ են զոհվել, Շուշիի մատույցներում նոյեմբերի 4-ին ինքս եմ հանդիպել ոստիկաններին,  որոնք ոչ սաղավարտ ունեին,  ոչ  զրահաբաճկոններ, ունեին միայն  ավտոմատներ, նույնիսկ նռնակ չունեին։ Ընդամենը 30 փամփուշտ ունեին…

Պահը կհասունանա և, կարծում եմ, շատ ոստիկաններ` ի հիշատակ իրենց զոհված ընկերների, կմիանան այս շարժմանը:

Բայց այսօր իրականում Ոստիկանությունը Փաշինյանի հենարանն է. չե՞ք կարծում, որ ամենևին  ճիշտ չէ տուրք տալ Նիկոլի 2018-ի հայտնի տեխնոլոգիայինթե «ոստիկանը մեր ընկերն է»։ Քանի որ ցանկացած պահի այդ ոստիկանը «վերևի» ստացած հրահանգն է կատարելու։  Ինչպես ասել է «Իրավական ուղի» ՀԿի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը «Ինձ համար անհասկանալի են այն ընդդիմադիր գործիչները, որոնք կոչ են անում ոստիկաններին չքննադատել. ըստ իս՝ դա փողոցային պայքարի տրամաբանությունը լավ չպատկերացնելու արդյունք է»։  Համակարծիք չե՞ք:

– Ես այն համոզման եմ, որ ոչ բոլոր ոստիկաններն են ստահակ,  կան և՛ լավը, և՛ վատը։ Պարգևավճարով  առաջնորդվող ոստիկանը թող իմանա, որ իրեն գնել են։ Հայաստանի Հանրապետության սահմանները պահպանող սահմանապահ սպաները ստանում են 200 000 դրամ աշխատավարձ, իսկ վարչապետի անձը պահպանող  ոստիկանին պատրաստվում են վճարել  350-400 000 դրամ աշխատավարձ։ Այստեղ կարևորը  ոչ միայն  աշխատավարձի չափն է, այլ այն, որ կրթական ցենզը հանված է։ Քանի որ հեշտ է կառավարել ցածր կրթական ցենզ ունեցող մարդկանց։ Այսինքն, դա միտումնավոր է արվում: Փաշինյանն իր ներքին զորքն է հավաքում, որ իրեն պաշտպանեն։

Նիկոլ, իջնեիր մեքենայից ու ցույց տայիր քո տղամարդկային վերաբերմունքը վթարված կնոջը

– Նախօրեին վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող մեքենան վրաերթի ենթարկեց 28-ամյա երիտասարդ հղի կնոջը` դառնալով երկու մահերի պատճառ: Վարչապետ Փաշինյանը, որը սիրում է ժողովրդին ասել` «սիրում եմ ձեզ», «հպարտանում եմ ձեզանով», «խոնարհվում եմ ձեր առաջ», չի բարեհաճել կանգնեցնել իր մեքենան ու օգնություն  ցույց տալ վթարի ենթարկված կնոջը, որը 30 րոպե մնացել է ասֆալտին պառկած: Ասում են, տիկնոջը արագ հիվանդանոց հասցնելու դեպքում գուցեև  հնարավոր կլիներ նրա կյանքը փրկել…

– Խորը վշտով եմ ընդունում մեր հայրենակցուհու ու նրա դեռ չծնված բալիկի  մահը, ցավակցում եմ նրա ընտանիքին:  Դժվար է  այս մասին խոսելն անգամ… Ժամանակին հեծանիվով երթևեկող վարչապետը, կարող էր չէ՞ կանգնել ու օգնություն ցույց տար իր վարորդի մեղքով վթարված տիկնոջը։ Իջնեիր մեքենայից ու ցույց տայիր ժողովրդավար վարչապետ լինելդ,  ցույց տայիր քո տղամարդկային վերաբերմունքը։

Կատարվածից հետո  Փաշինյանը պետք է վայր դնի վարչապետի լիազորությունները։

Ի դեպ, Փաշինյանի ավտոշարասյան վայրագությունները  նորություն չեն։ Հիշեցնեմ, որ 2021-ի քարոզարշավի ժամանակ  նրա կորտեժը ուղիղ քշեց «Արցախի հերոս» Մենուա Հովհաննիսյանի մոր`  տիկին Կարին Տոնոյանի ուղղությամբ: Կա տեսանյութը: Բարեբախտաբար, այն մեքենան, որում տիկին Տոնոյանն էր` կարողացավ խուսափել վթարից:  Շատ քաղաքացիներ են նկատել, որ Փաշինյանի ավտոշարասյունը չափազանց արագ է անցնում քաղաքի փողոցներով։ Փաշինյանը 2019-ի մայիսին` իր կառավարման 100-օրյա  փաստերի շարքում  հպարտությամբ նշում էր, թե վարչապետի ավտոշարասյունը կանգնում է  լուսացույցի արգելող նշանի տակ: Սա ևս նրա ստերից մեկն է: Հիմա համոզվում ենք, որ նրա ներկայացրած բոլոր բարեփոխումները սուտ են ու կեղծ։

– Կարծում եք, հանրային  ճնշման տակ, հաշված օրերի ընթացքում, Փաշինյանը  կհեռանա՞ վարչապետի պաշտոնից

– Ես այն կարծիքին եմ, որ նա հեշտ հեռացողներից չէ։  Միայն մեկ բան եմ նրանից պահանջում` Փաշինյա՛ն, նոր Մարտի մեկ չսադրե՛ս։

Հարցազրույցը վարեց Արմինե Սիմոնյանը: