ԱՄՆ 64 կոնգրեսականներ միացել են Ադրբեջանին ռազմական օժանդակությունից զրկելու և ՀՀ-ին ու Արցախին 150 միլիոն դոլար օժանդակություն տրամադրելու նախագծին

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 64 անդամներ ապրիլի 28-ին նամակով դիմել են հատկացումների հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը, մեկտեղ՝ 150 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին ու Արցախին, որպեսզի վերջիններս դիմագրավեն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարուցված հումանիտար և անվտանգության ճգնաժամերը։

հայտնում են Հայ դատի կենտրոնական գրասենյակից, այս երկու ուղղությունները Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթություններից են, որոնց իրականացման համար տևական ժամանակահատված աշխատանք է իրականացվում նաև ԱՄՆ-ում գործող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպությունների ներգրավմամբ։

Մեկնաբանելով բավական մեծ թվով կոնգրեսականների միացումը հիշյալ նախաձեռնությանը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․

«Մենք կանգնած ենք Կոնգրեսի 64 անդամների կողքին, ովքեր 2023թ․ ֆիսկալ տարվա համար կոչ են անում բավական ազդու օգնություն ցուցաբերել Արցախին և Հայաստանին, հակազդել Ադրբեջանի շարունակվող հարձակումներին և իրապես փոխել շուրջ 100.000 հայերի կյանքի որակը։ Մենք առաջիկա ամիսներին կշարունակենք աշխատել Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամների հետ, որ ամերիկյան հարկատուների գումարները չօգտագործվեն Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանն օգնելու և աջակցելու համար»։