Հունաստանի ԱԳՆ-ը կտրուկ դատապարտել է թուրքական ռազմական ավիացիայի սադրանքներն իր օդային տարածքում

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի խստորեն դատապարտել է թուրքական ռազմական օդանավերի կողմից Հունաստանի օդային տարածքի աննախադեպ խախտումները և տեղեկացրել է այդ մասին ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO), ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների համապատասխան պաշտոնյաներին։ Այս մասին հայտնում է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանձնարարությամբ արտգործնախարարության գլխավոր քարտուղար Թեմիստոկլիս Դեմիրիսը նոր ինտենսիվ բողոք է հայտնել Թուրքիայի դեսպանին՝ Հունաստանի օդային տարածքի` մեկ օրվա ընթացքում աննախադեպ քանակի խախտումների և թռիչքների հետ կապված, այդ թվում՝ մի շարք տարածքների, որոնցում բնակչություն կա։ Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Թուրքիայի շարունակական սադրիչ և հանցավոր պահվածքը՝ Հունաստանի ինքնիշխանության խախտմամբ, ամբողջությամբ դատապարտելի և անընդունելի է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ «բացի ակնհայտ փաստից, որ սա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, այդ գործողությունները, որոնց պատասխանատվությունը կրում է միայն Թուրքիան, առանձնակի լարվածության մթնոլորտ են ստեղծում երկու երկրների հարաբերություններում, ինչը հակասում է այդ մթնոլորտի բարելավմանն ուղղված ջանքերին»։ «Միևնույն ժամանակ նրանք խաթարում են ՆԱՏՕ-ի համախմբվածությունը հատկապես կարև որ պահին լայն տարածաշրջանում: Հունական կողմն անմիջապես տեղյակ է պահել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի, ԻԿԱՕ-ի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների համապատասխան պաշտոնյաներին»,- եզրափակել են ԱԳՆ-ում։

Սա Հունաստանի արտաքին գործերի նախարարության արդեն երկրորդ դեմարշն է երկու օրվա ընթացքում։ Չորեքշաբթի Հունաստանի ԱԳՆ-ն իր խիստ բողոքն էր հայտնել Թուրքիայի դեսպանին հունական կղզիների վրայով թուրքական կործանիչների թռիչքի դեմ, հայտնել էր Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։