Սարդարապատից՝ հանուն Արցախի․ մայիսի 1-ին լինելու ենք Երևանում․ դառնանք Արամ ու գտնենք ելք ու ճար․ Գեղամ Մանուկյան

Ընդդիմադիրները քայլերթով շարժվեցին Երևան

«Դիմադրություն» շարժման քայլերթի չորրորդ ուղղությունը մեկնարկեց Սարդարապատից։ Քայլերթի մեկնարկին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ելույթով դիմեց ժողովրդին, որն էլ ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Սիրելի հայրենակիցներ, զինակիցներ, գաղափարակիցներ։ Մեր Հայրենիքի, Արցախ աշխարհի համար մտահոգ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ։

Սարդարապատի այս սուրբ բարձունքից, մեր բոլորի անունից դիմում ենք ձեզ՝ երևանցուն ու գյումրեցուն, վանաձորցուն ու ջերմուկցուն, գավառցուն ու մարտունեցուն, մարտակերտցուն ու ստեփանակերտցուն, աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին, ազգակիցներին։

Արդեն չորրորդ օրն է Հայաստանի տարբեր անկյուններից մեր զինակիցները, նրանց միացած մեր հայրենակիցներ քայլերթով շարժվում են դեպի քաղաքամայր Երևան։

Պատահական չեն ընտրված այն մեկնարկ կետերը, որտեղից սկիզբ են առել հանուն Հայաստանի, Արցախի փրկության, մեր արժանապատվության վերականգման, այդ նպատակով էլ պարտության խորհրդանիշ իշխանության հեռացման համար։

Տավուշ, Իջևան, ադրբեջանական սահմանագիծ։ Քանի որ այս ապաշնորհ իշխանավորներն անգամ չեն վախենում, ամաչում, խուսափում տարածքային փոխանակումների մասին խոսել։ Հայրենի Տավուշը, հերոսական Տավուշը, իր արժանապատվությունը դեռ 90-ականներից պաշտպանած Տավուշը բզիկ-բզիկ անել։ Այս մեկնակետից քայող մեր զինակիցներին միացել են հարյուրավոր հայրենակիցներ, որոնք անհանգիստ են Տավուշի համար, որոնք գիտակցում են, որ վտանգվում է Գեղարքունիքը, որ համոզված են, որ եթե այս ապաշնորհ ու հայրենադավ իշխանավորները չլինեին, որ սահմանն արարգ կահավորվեր, ամրանար, այսօր թուրքը չէր նստի Վարդենիսի գյուղերի գլխին։

Մեր զինակիցները ճանապարհ ելան Նախիջևանի սահմանագլխից։ Այն վայրերից, որտեղ երբ Նիկոլը իր խաբեբա խոստումներով, մարդկանց մոլորեցնելով գալիս էր իշխանության ու արդեն եկավ իշխանության, այդ օրերին արդեն սահմանում թշնամին նոր դիրքեր էր զբաղեցնում, առաջ էր գալիս, նշանառության տակ էր առնում Արենին ու Զանգակատունը։ Այնքան էր մոլորեցրել մարդկանց, որ այդ մասին այդ օրերին բարձրաձայնելն էր համարվում դավաճանություն, սուտ, կեղծիք։ Այդպես էլ 2018-ին թշնամին առաջ եկավ։ Սկսել են մեր զինակիցները նախիջևանյան սահմանագլխից, քանի որ այն այսօր էլ վտանգված է ու վտանգված առաջին հերթին այսօրվա իշխանության պատճառով, նիկոլական ցնորամիտ գաղափարի՝ Երասխում երկու կողմերից դիրքերի հայելային ետքաշման առաջարկի պատճառով։ Այդ հայելային ետքաշման դավաճանական էությունը մենք բոլորս տեսանք Արցախում, Փառուխում ու Խրամորթում։

Մեր զինակիցները, հայրենակիցնեն արդեն սկսել են քայլերթը Ապարանից, հերոսական Բաշ Ապարանից։ Մի վայրից, որտեղ 1918-ի մայիսին հայությունն ապացուցեց, որ վտանգի պահին միասնականությամբ, համախմբավածությամբ կարելի է սարեր շուռ տալ։ Քայլում են նրանք համառությամբ, հաստատակամությամբ, այն բնակավայրերով, որտեղի բնակիչները միշտ աչքի են ընկել իրենց հաստատակամությամբ, հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ։

Ու բոլորս մեկտեղվելու ենք նույն կետում, նույն գաղափարների ու հաղթանակի համար։ Իբրև վերջին մեկնարկ սկսում ենք այստեղից, ամեն հայի համար այս սուրբ ու հպարտության վայրից՝ Սարդարապատից։

1918-ի մայիսին այստեղ կենաց մահու կռիվ էր հանուն Երևանի, սուրբ Էջմիածնի, Հայաստանի, հայ տեսակի։ Հիմա էլ նույնն է՝ 104 տարի հետո։

1918-ին այստեղ ամենախիզախները արցախցիներն էին՝ Բեկ-Փիրումյանները, Ղարաբաղի 5-րդ (մահապարտների) գունդը։ Այսօր էլ մեր հերթն է՝ Սարդարապատից՝ հանուն Արցախի։

Հայրենիքը մեկն է։

Սարդարապատի այս սրբավայրից դիմում ենք մեր հայրենկիցներին՝ ոտքի, հանուն Հայրենիքի, հանուն փրկության, հանուն արժանապատվության։ Այս զանգերը, որ կախված են Սարդարապատում, խորհուրդ ունեն։ Նրանք, ինչպես 1918-ին, Արարատյան դաշտավայրի բոլոր եկեղեցիներինը, վտանգի պահին կոչնակ են դառնում, ահազանգ են հնչեցնում, զորաշարժի ու ոտքի ելնելու կոչ են անում։ Այդ պահն է այսօր, այդպես է հիմա։ (Զնգում են զանգերը)։

Մենք երթով քայլում ենք դեպի Երևան, ճանապարհին հրավիրում ենք մեր հայրենակիցներին հանդիպումների, զրույցի ու միասնության։

Դիմում ենք բոլորին՝ արմավիրցուն, Էջմիածինցուն, սարդարապատցուն, մեծամորցուն։ Ձեզնից շատերի պապերը տեսել են հայրենի հողի, շենի, տան ու հատկապես՝ գերդաստանների կորուստը։ Տեսել են Էրգրի հայաթափում, հողի թրքացում։ Հիմա առնվազն մեր պապերի հիշատակի ու ապագա սերունդների համար թույլ չտանք դրա կրկնությունը՝ Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը։

Դիմում ենք մեր շինական հազարավոր հայրենակիցներին, ովքեր այս տարիներին ևս կանգնած էին ու շարունակում են մնալ հողի հետ մեն մենակ, առանց ջուր, պարարտանյութ, ովքեր այս տարիներին ևս մայրուղիներն էին փակում իրավացիորեն ու պահանջում էին հարցերի լուծում։ Իրավունք ունեիք, չէ որ նաև այդ հարցերի համար էիք 2018-ին ողջունում այն ամենն, ինչ կատարվում էր Հայաստանում։ Բայց ձեզ սրիկայաբար խաբեցին, գյուղացին կա, գյուղատնտեսության նախարարությունը չկա։ Ջուրը չկա, պարարտանյութը չկա։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ հիմա վտանգաված է երկիրը, դա էլ են ուզում տալ մեզ բոլորիս խաբած այս իշխանությունները։

Դիմում ենք Արմավիրի մարզի մեր հազարավոր ազատամարտիկներին։ Չէ որ դուք էիք, որ առաջիններից մեկը ելաք սրբազան պայքարի։ Հիշեք, ինչպես էիք պաշտպանում Հադրութի բնագծերը, Էդիլլուն, Տողը, հետո արդեն Մարտակերտը։ Արմավիրցիներից շատերին այդպես էլ չգտան Մարտակերտի ճակատում։ Ձեր պայքարի, հաղթանակի, հերոսների ու նրանց զոհաբերության արդյունքն է, որ այսօր թուրքին է ուզում թողնել այս իշխանությունը, գիտենք, որ չեք հանդուրժելու ու պետք է ոտքի ելնել։

Մենք քայլերթով անցնելու ենք հայության հոգևոր կենտրոնով՝ Սուրբ Էջմիածնով։ Այն Էջմիածնով, որի դեմ պայքարել են օսմանցին ու սելջուկը, բոլշևիկն ու մեկ էլ, որքան էլ ահավոր լինի, անհավատալի լինի՝ այս իշխանությունը։ Հիշեք, թե ինչպես էին գրավել Մայր Աթոռը։ Հիշեք, Էջմիածնի բնակիչներ, ինչպես 2018-19-ին հարձակվեցին եկեղեցու վրա, ինչպես 2021-ին հազարավորներս շտապեցին սուրբ Գայանե Պատարագին, որ պաշտպանենք Վեհափառին։

Դիմում ենք մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին, ովքեր 2018-ին դուրս էին եկել փողոց։ Այս օրերին նորից բազում տեսանյութեր շրջանառվեցին համացանցում, որտեղ մարդիկ այդ օրերին ինչ ուրախություն էին ապրում։ Նայում էի տեսանյութերն ու ակամա երիտասարդ տղաների, այդ օրերին դեռ դպրոցական պատանիների դեմքերն էի հատիկ-հատիկ բռնացնում։ Ինքս ինձ ուտում էի՝ հասկանալով, որ նրանցից շատերն արդեն չկան, նահատակ են, իսկ նիկոլն ասում է, որ գիտեր այդ մասին, բայց չէր ասում ժողովրդին։

Դիմում ենք ձեզ։ Գիտենք, որ հավատալով էիք ելել փողոց։ Բայց նաև տեսանք, որ խաբեցին բոլորիս։ Հասկանում ենք, որ խաբել են, որ կործանել են, դավաճանել են, որ դա չէինք ուզում։ Բայց ուղղակի այդ մասին ամեն մեկն ինքն իրեն է ասում, ու չի ուզում, որ դիմացինն էլ իմանա։ Ձեր մեղքը չէ, որ այդպես եղավ։ Մեղավորը մեկն է՝ Երևանում Կառավարության շենքում ու կառավարական ամառանոցում նստածը։ Խարանը մեր ժողովրդի ճակատից մաքրենք։ Անե՞նք այդ ամենը, կապացուցենք, որ մեր երկրի մասին էինք մտածում, 2018-ին, չենք դառնա այս մեծ դավաճանության մասնակիցը։

Մնացյալը՝ սուտ է, արժեք չունի, երբ ասենք, հա, բայց դե նրանք, բա նախկինում, բա թալանը, բա, բա բա։ Հազար պատճառ կարող եք բերել։ Իրավունք ունեք։ Բայց հիշեք, չկա ավելի մեծ թալան, քան տեղի ունեցավ այս տարիներին։ Գողացան մեր Հրայենիքը, Արցախի մեծ մասը, մեր արժանապատվությունը, անցյալը, հիշողությունը, մեր նահատակ ընկերների, հայրենակիցների հիշատակը, վաստակը։ Դրեք կշեռքի վրա։ Կարո՞ղ եք համեմատել։

ՈՒ վերջապես այս ամենից հետո։ Մենք սկսում ենք մեր երթը, դեպի արժանապատվություն, հանուն Արցախի, հանուն Հայրենիքի, հանուն մեր ու Ձեր բոլորի զավակների, թոռների, հետագա ժառանգների։ Միացողը՝ միացավ, տունը նստողը, պատճառ բերողը՝ չի գա։ Բայց հիշեք, որ այս հաջողությունը ձեզ էլ է բաժին հասնելու, քանի որ անում ենք բոլորիս համար։

Մենք գնացինք։ Կհանդիպենք Երևանում։ Հուսանք շատերիդ կտեսնենք այնտեղ։

Իբրև ավարտ։ 1918-ին Սարդարապատից առաջ գրեթե ամեն ինչ անհույս էր, բայց եղավ մեկ մարդ՝ ով ասաց, որ չի լինի այնպես, ինչպես թշնամին է ցանկանում։ Ճիշտն ասենք՝ ժողովրդի մի կարևոր մասը ոչ հավատում էր, ոչ ցանկություն ուներ ոտքի կանգնելու, ոչ անկախություն էր ուզում, ամեն մեկն իր հերթին արեց անհնարը, ու եղավ Սարդարապատի հաղթանակը։ Այդ մեկ մարդը՝ անունը՝ Արամ Մանուկյան։ Դառնանք Արամ, ու գտնենք ելք ու ճար։

Երգ՝ երբ չի մնում ելք ու ճար…

Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, այսօր արդեն՝ Սարդապատից ու Բաշ Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են Երևան, որպեսզի մայիսի 1-ին միանան համազգային հանրահավաքին։ Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ապակենտրոն իրազեկման ակցիաներ։