Աթենքում անցկացվել է միջազգային սիմպոզիում` նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի 107-րդ տարելիցին

Աթենքում Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպության (EPLO) միջոցառումների սրահում Հունաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հատուկ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին, որին ներկա են գտնվել Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, գիտնականներ, հայկական համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

Միջոցառման գլխավոր բանախոսն է եղել Արա Սարաֆյանը` Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի հիմնադիր-տնօրենը` «Թուրքիան և Հայոց ցեղասպանություն. Հանձնախումբ, համախմբում և ժխտում» խորագրով դասախոսությամբ:

Միջոցառմանը բացման ելույթով հանդես է եկել միջազգային իրավունքի հայտնի բրիտանացի մասնագետ Ջեֆրի Ռոբերտսոնը (Queen’s Counsel)` իրավաբան, մարդու իրավունքների պաշտպան, Doughty Street Chambers-ի հիմնադիր և համանախագահ, գրող:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին՝ Ռոբերտսոնը նշել է, որ այն կանխամտածված և նախորոք կազմակերպված հանցագործություն էր, որի նպատակն էր բնաջնջել, ոչնչացնել Օսմանյան կայսրությունում ապրող հայերին` ազգային և կրոնական հիմունքներով: Ըստ Ռոբերտսոնի՝ հայերի Ցեղասպանությունը մի այնպիսի զարհուրելի հանցագործություն է, որը չի կարելի ոչ ներել, ոչ էլ մոռանալ: Խոսելով Ցեղասպանության մասին՝ նա ընդգծել է, որ Ցեղասպանության ենթարկվեցին նաև հույները, բայց ի տարբերություն հայերի, հույներն այդ ժամանակ արդեն ունեին հայրենիք և շատերին հաջողվեց հասնել Հունաստան: Ռոբերտսոնը ընդգծել է, որ այն ժամանակաշրջանում գոյություն չուներ Միջազգային դատարան` կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու համար, սակայն 1915 թվականի մայիսի 24-ին Բրւտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները դատապարտեցին Օսմանյան Կայսրության շրջաններում, քաղաքներում հայերի նկատմամբ իրագործածը` առաջին անգամ միջազգային իրավունքում կատարվածը որակելով որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն»:

Ռոբերտսոնը նմանություններ է անցկացրել Հայոց ցեղասպանության և Հրեաների Շոայի միջև՝ արձանագրելով, որ այն ժամանակ Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր և խորհուրդ էր տալիս Թուրքիային թե ինչպես սպանել հայերին, իսկ ավելի ուշ` ոգեվորված լինելով Հայերի ցեղասպանությունից, նմանատիպ հանցագործություն իրագործեց հրեաների նկատմամբ: Անդրադառնալով Ցեղասպանության ճանաչմանը՝ Ռոբերտսոնը նշել է, որ երեսունից ավել երկիր ճանաչել է Հայերի Ցեղասպանությունն, այդ թվում նաև ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, բայց այդ երկրների շարքում դեռ չկան Միացյալ Թագավորությունն ու Իսրայելը՝ ընդգծելով, որ երկու պետությունները չեն ճանաչել այն` ելնելով զուտ ինչ-ինչ շահերից։ Նա նաև անդրադարձել է ցեղասպանություն եզրույթի` Ռաֆայել Լեմկինի կողմից շրջանառության մեջ մտցնելու պատմությանը։

Միջոցառման համակարգող` Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Խրիսանթոպուլոսն ընթերցել է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչանի խոսքը` միջոցառման մասնակիցներին: Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հունաստանում Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ և հիմնական քաղաքական միջոցառումներից հետո դեսպանությունը նպատակահարմար գտավ կազմակերպել նաև գիտակրթական և մշակութային բնույթի միջոցառումներ։ Դեսպանն ընդգծել է. «Ցեղասպանության վերաբերյալ կրթվածության բարձրացումը ցեղասպանության կանխարգելման մեր համընդհանուր պայքարի կարևոր բաղկացուցիչներից մեկն է։ Անշուշտ, հեռու ենք կանխարգելման նպատակին հասնելուց։ Հայաստանը շարունակում է առերեսվել մի կողմից Թուրքիային, որը շարունակում է ագրեսիվորեն ժխտել Ցեղասպանությունը և, ինչպես երկու օր առաջ ականատեսը եղանք, բարձր մակարդակով սադրիչ ծաղրանքի ենթարկեց Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին, որը դատապարտելի է և բացարձակապես անընդունելի։ Մյուս կողմից, Հայաստանի մեկ այլ հարևանը` Թուրքիայի կողմից աներկբա աջակցություն վայելող Ադրբեջանը, ամենօրյա կտրվածքով և բոլոր մակարդակներով չի թաքցնում իր ցեղասպան նկրտումները։ Դրա վառ ապացույցն է նրա վերաբերմունքը Արցախի նկատմամբ և այն գոյութենական սպառնալիքը, որը կախված է արցախահայության գլխին։ Այնպես որ, Ցեղասպանությունից մեկ դար անց էլ դեռևս ականատեսն ենք լինում մեր տարածաշրջանում էթնիկ զտումների և զանգվածային սպանդի նոր փորձերի ու սպառնալիքների»:

Այնուհետև ցուցադրվել է «Blue Book: Evidence of Armenian Genocide» վավերագրական կարճամետրաժ ֆիլմը, որը 2015 թ բրիտանական Բալիստա Մեդիա ընկերությունը նկարահանել էր Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի համատեքստում։ Ֆիլմում բրիտանացի հայտնի պատմաբան-լրագրող Դեն Սնոուն հարցազրույցների, արխիվային նյութերի հիման վրա ներկայացնում է բրիտանական Կապույտ գրքի ստեղծման պատմությունը։

Վավերագրական ֆիլմին հաջորդել է միջոցառման գլխավոր բանախոս պարոն Արա Սարաֆյանի դասախոսությունը: Իր դասախոսության մեջ Սարաֆյանը վերլուծել և մանրակրկիտ կերպով ներկայացրել է Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության պատճառները, կազմակերպումը և մեթոդաբանությունը: Անդրադառնալով Ցեղասպանությանը կազմակերպանը՝ Սարաֆյանը արձանագրել է, որ թուրքական արխիվային փաստաթղթերը ցույց են տալիս, որ Թալեաթ Փաշան նախորոք և մանրամասն կազմակերպել է հայերի ցեղասպանությունը կայսրության տարբեր շրջաններում, քաղաքներում` իր մոտ ունենալով այդ շրջաններում և քաղաքներում բնակվող հայերի ամբողջական պատկերը: Գործընթացը եղել է չափազանց լավ կազմակերպված և կանխամտածված: Ավելին, դեռ Ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրությունում Ամերիկայի հյուպատոսական ծառայությունների փաստաթղթերը խոսում էին, որ իշխանությունները պատրաստում են հայերի բնաջնջումը` ստանալով այդ տեղեկությունները Կայսրության տարածքում գործունեություն ծավալող տարբեր միսիոներական կազմակերպություններից, ընդգծելով, որ արդեն մինչ Ցեղասպանությունը կար տեղեկություն գալիք արհավիրքի մասին:

Խոսելով ժամանակակից Թուրքիայի մասին՝ պարոն Սարաֆյանն ընգդծել է, որ Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիան ինչ-որ ձևով սկսեց առերեսվել Հայոց ցեղասպանության հետ՝ դա օգտագործելով որպես այլընտրանքային քաղաքականություն: