Պետական դավաճանության արդյունքում հայերիս հաղթած Ադրբեջանը չի կարող համաձայնել որևէ արդարացի, իրական փոխզիջման, նրա պահանջը մեկն է` զիջում

Ինչին է համաձայնում Նիկոլի իշխանությունը

 

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 24-ին հայտնեց , որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, և որ կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ:

Ուզում ենք մտածել, որ վերոնշյալ պաշտոնական տեղեկատվությունը նախարար Միրզոյանի կամ տվյալ տեղեկատվությունը պատրաստած անձնավորության մասնագիտական տգիտության, անփութության կամ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության հետևանքն է, քանի որ չի կարող որևէ խոսք լինել սահմանազատման և այդ նպատակով հանձնաժողովի կառուցվածքի, ձևավորման մասին, քանի դեռ սահմանագծման աշխատանքները կատարված չեն: Հակառակ պարագայում ստացվում է, որ հայ ժողովրդի թիկունքում, նրանից գաղտնի, համատեղ ինչ-որ հանձնաժողովի միջոցով կամ առանց հանձնաժողովի, սահմանագծման աշխատանքներն ավելի վաղ արդեն իրականացվել են:

ԱԳՆ տեղեկատվության մեջ նշված է նաև, որ նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ, «Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել»։ Բացի այդ, կողմերը քննարկել են նաև «խաղաղ բանակցությունների նախապատրաստման հետ կապված հարցեր»:

Ի՞նչ է նշանակում «խաղաղ բանակցությունների…», այս ի՞նչ անհեթեթ ձևակերպում է… Ի՞նչ է, կողմերը կարող էին ոչ խաղաղ բանակցությունների նախապատրաստման հետ կապված հարցե՞ր քննարկել, այսինքն` այնպիսի բանակցությունների, երբ բանակցային կողմերն իրար հետ կռվելով կամ նույնիսկ միմյանց ծեծելով, բանակցում են: Ակնհայտ է, որ պետք է գրված լիներ ոչ թե «խաղաղ բանակցությունների…», այլ «խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների…», բայց հավանաբար ցանկանալով տվյալ իրողությունը թաքցնել, ԱԳՆ նախընտրել է վերը մեջբերված անհեթեթ ձևակերպմամբ հանդես գալ: Արտգործնախարարության այս խայտառակ մակարդակից չենք զարմանում, քանի որ այն Հայաստանի ոստիկանական բռնապետության, ավելի ճիշտ, Նիկոլի ԱԳՆ-ն է:

Ապրիլի 27-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցին հայտարարել է իր հայ գործընկերոջ հետ բանակցությունների «արդյունքների մասին»։

«Այժմ պայմաններ են ստեղծվել սահմանների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները սկսելու համար»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Այո, նախ սահմանագծման, ապա սահմանազատման, այս առումով Բայրամովը ճիշտ է ասել, բայց եթե ադրբեջանական ԶԼՄ-ները ճիշտ են փոխանցել նրա խոսքը, ուշագրավ է, որ հանձնաժողովի անվանումից, ի տարբերություն Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում նշվածի, բացակայում են «սահմանային անվտանգության» բառերը, ինչից կարելի է ենթադրել, որ, ըստ ադրբեջանական կողմի, հանձնաժողովը սահմանային անվտանգության, դրա ապահովման հարցերով չի զբաղվելու:

Բնականաբար, հարց է առաջանում, թե ձևավորվելիք կամ ձևավորվող հանձնաժողովը (ըստ որոշ տեղեկությունների, հիշյալ հանձնաժողովը ստեղծվելու է մինչև այս ամսվա վերջ) ի՞նչ սկզբունքներով և ի՞նչ հիմքերից ելնելով է իրականացնելու սահմանագծման աշխատանքները` ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի քարտեզո՞վ (հետաքրքիր է նաև, թե ո՞ր թվականի), ինչով առաջնորդվելու օգտին ժամանակին արտահայտվեց Մոսկվան, բայց Ալիևը դեմ եղավ, թե ադրբեջանական կամ Ադրբեջանին դաշնակից ինչ-որ պետության արբանյակի միջոցով գործող GPS-ի (նավիգացիայի արբանյակային համակարգի) կեղծ տեղեկությունների հիման վրա…

Թեև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները և արտգործնախարարները վերոնշյալ հարցի կապակցությամբ այժմ խորամանկորեն լռում են, թաքցնում են, թե ինչ սկզբունքներով և ինչ հիմքերից ելնելով են իրականացվելու սահմանագծման աշխատանքները, սակայն Բայրամովը վերոնշյալ ճեպազրույցում, ըստ էության, մատնել է «տարածաշրջանում կայուն խաղաղության» ապահովման շուրջ Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցություններից իր գոհունակությունը:

«Այս կապակցությամբ ես հնարավորություն եմ ունեցել բանակցել իմ հայ գործընկերոջ հետ, և կարող եմ ասել, որ արդեն որոշակի արդյունքներ ունենք,- ասել է Բայրամովը:- Այժմ պայմաններ են ստեղծվել սահմանների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները սկսելու համար» (ընդգծումը` մերը):

Հնարավոր չէ, որ Հայաստանի և Արցախի պատասխանատուների կողմից կատարված պետական դավաճանության արդյունքում հայերիս հաղթած ու լկտիացած Ադրբեջանը համաձայնի բանակցային այնպիսի տարբերակի, այնպիսի սահմանազատման, որը բխում է իրավունքից, արդարությունից, հայկական զույգ պետությունների անվտանգության հրամայականից ու շահերից; Եթե համաձայնում է կամ եթե համաձայնի, ուրեմն ճիշտ հակառակն իմացեք:

 

Արթուր Հովհաննիսյան