ԵԽ պատգամավորը Բելգիայի իշխանություններին կոչ է արել հետաքննել հայկական խաչքարի պղծումը

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի գծով զեկուցող Անդրեյ Կովաչովը բելգիական իշխանություններին կոչ է արել հետաքննել Բրյուսելում խաչքարի պղծման փաստը։

«Ես ցնցված եմ ատելության ու բռնության այս ահավոր դրսևորումից։ Մենք պետք է միասին դիմակայենք նման սարսափելի միջադեպերին։ Ես կոչ եմ անում բելգիական իշխանություններին մանրակրկիտ հետաքննել ատելության հողի վրա կատարված այս հանցագործությունը»,- գրել է նա։

Ավելի վաղ Բելգիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացրել էր Բրյուսելում, Անրի Միշոյի հրապարակում, ի հիշատակ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի տեղադրված  խաչքարի հանդեպ կատարված վանդալիզմի ակտի մասին։ «Խաչքարի վրա կարմիր ներկով թուրքական Ազգայնական շարժում կուսակցության խորհրդանշանն է պատկերվել, այդ շարժման հովանու ներքո է ստեղծվել «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպությունը։  Խաչքարի վրա նաև վիրավորական արտահայտություններ են գրել»,- նշվել է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրությունում։

Դեսպանությունում ընդգծել են, որ նման գործողությունները, որոնք հայատյացության և անհանդուրժողականության վառ դրսևորումներ են, անհամատեղելի են համամարդկային արժեքների հետ։