Երեկ վրաերթից մահացած կինը Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր

«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրել է․

«Նկարում՝ երեկ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինն է՝ Սոնա Մնացականյանը։ Նա Support Our Heroes – Armenia կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր…»։

Yerevan.Today-ը պարզել է, որ 29-ամյա Սոնա Մնացականյանը Արտաշատի Բերքանուշ գյուղից էր․ անցած տարի էր ամուսնացել, բնակվում էր Երևանում։

Yerevan.Today-ին հաջողվել է կապ հաստատել Սոնայի համագյուղացիներից մեկի հետ։ Աշոտի խոսքով, Սոնայի ընտանիքը շատ ուշ է իմացել իրենց դստեր մահվան մասին։

«Երևանում պատահած ողբերգության մասին հարազատները ցավով  պատմում էին իրար, բայց չգիտեին, որ մեր Սոնան է ընկել մեքենայի տակ:

Մացակ Մնացականյանի աղջիկն էր, կարգին, շնորհքով ընտանիք, սովորել է Իտալիայում, շատ խելացի, սիրունիկ աղջիկ էր։

Մեր գյուղի հպարտությունն էր Սոնան, զարմացած եմ մարդկանց տգիտության վրա, որ էս ողբերգությունից հետո սոցցանցում քննարկում ու քննադատում են Սոնային, թե ինչ իրավունք ուներ փողոցն անցնել անթույլատրելի տեղից։

Մենք չգիտենք՝ ինչ է կատարվել, մենք ստեղ, դուք՝ Երևանում, բայց կարելի՞ էր մարդկանց կոտորելով վարչապետին տուն տանել Երևանի նեղ փողոցներում, ինչո՞ւ են էդքան բարձր արագությամբ սլանում, ո՞ւմից են վախենում, ո՞վ է ընկել իրանց հետևից, քանի-քանիսին են տենց գցել մեքենայի տակ ու չեն խրատվում»,- իր վրդովմունքն է հայտնել Սոնայի համագյուղացին։