Նիկոլ, ճիշտն ասա, Էրդողանից և Ալիևից ներողություն խնդրեցի՞ք…

Նիկոլ, գիտենք, որ ապրիլի 24-ի առավոտյան ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական դրածո Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հետ Ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ այցելել եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի առջև: Թե որքանո՞վ էիք անկեղծ, ավելի ճիշտ, անկե՞ղծ էիք ընդհանրապես, թե ոչ, կարծում ենք, պարզ է մեր ընթերցողներից երևի յուրաքանչյուրին:

Քառասունչորսօրյա պատերազմի, Արցախի շուրջ 75 տոկոսի կորստի, պատերազմի բազմահազար զոհերի համար թիվ 1 մեղավորը լինելով, պետական դավաճանության մեջ մեղադրվելով (ճիշտ է, առայժմ ոչ պաշտոնապես, բայց, հուսով ենք, շուտով նաև պաշտոնապես) հանդերձ, նախկինում էլ «Եռաբլուր» զինվորական պանթեոն եք գնացել, ծաղկեպսակներ դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Մի՞ թե սա բավարար հիմք չէ ձեր անկեղծ, թե կեղծավոր լինելու վերաբերյալ պատկերացում կազմելու համար… Մենք վաղուց գիտենք ու գնալով շատ- շատերն են արդեն հասկանում, թե իրականում ով եք դուք:

Չգիտենք ու հետաքրքիր է մեկ այլ բան. Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ ձեր իշխանության ոչ անմեղ, Հայաստանի ու հայերիս համար խիստ վտանգավոր «սիրախաղերից», Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ Բրյուսելում 2021թ. դեկտեմբերի 14-ին և 2022թ. ապրիլի 6-ին ձեր հանդիպումներից, պայմանավորվածություններից, հայտնի և անհայտ խոստումներից (մի մասը, ենթադրելի է, հեռախոսազրույցների և միջնորդների միջոցով դեռ պատերազմից առաջ, ինչպես նաև հետո) ինչպե՞ս համարձակվեցիք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնալ, ծաղկեպսակ դնել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի առջև:

Ի՞նչ է, ինչպես ասում են, առյուծի կա՞թ էիք խմել ու համարձակություն ձեռք բերել (միայն չասեք, թե բնածին «դուխով» եք, ծիծաղելու ցանկություն չկա), թե նախապես ուղիղ կապով զանգահարել էիք Էրդողանին և Ալիևին ու ներողություն խնդրել, բացատրել, որ ապրիլի 24-ն է, դե, չգնալ չի լինի էլի, պետք է գնալ գոնե յուրայինների առջև խայտառակ չլինելու համար (ախր մոլորվածները ու նույնիսկ զոմբիացածներն աստիճանաբար արթնանում են):

Չե՞ք խնդրել ու համոզել Էրդողանին և Ալիևին, որ ներողամիտ լինեն, քանի որ, շատ հնարավոր է, վերջին անգամն եք գնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու ծաղկեպսակ դնում, հետո, երբ Հայաստանն արդեն «քիրվայություն» կանի իրենց հետ, այլևս ձեր իշխանական եռյակով այնտեղ չեք գնա, կամ էլ Հայաստան այլևս չի լինի…

Չե՞ք խոստացել, որ եթե խաղաղության պայմանագիր կնքվի ու «քիրվայության» տարբերակը հաջողվի գլուխ բերել, «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքից ԱԺ կոչվածի ձեր ՔՊ-ական մեծամասնությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կհանեք կամ կդարձնեք աշխատանքային, որ քիչ մարդ գնա, ինչպես նույն ՔՊ-ական մեծամասնությամբ, Սատանային գոհացնելով, աշխատանքային դարձրեցիք Սուրբ Ծննդյան և Հայտնության, ինչպես նաև Սուրբ Զատկին հաջորդող Մեռելոց հիշատակի օրերը:

Նիկոլ, եթե այս տարի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնալուց առաջ չեք զանգահարել Էրդողանին և Ալիևին, չեք խնդրել, համոզել, բացատրել, խոստացել այն, ինչի մասին վերը նշված է, ոչ էլ նախապես ներողություն եք խնդրել, ապա ծաղկեպսակ դնելիս, ծաղիկներ խոնարհելիս գոնե շշնջալով կամ մտովի ներողություն խնդրե՞լ եք նրանցից` հուսալով, որ կկարդան ձեր մտքերը: Արի գոնե այս անգամ ճիշտն ասա:

 

Արթուր Հովհաննիսյան