Ազգային արխիվն ու կինոկենտրոնը կմիավորեն ջանքերը՝ վերականգնելու հայկական հին ֆիլմերը

Այսօր՝ ապրիլի  26-ին, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանն ու «Հայաստանի ազգային կինոկենտրոն»  ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով  երկու կազմակերպությունների միջև լայն փոխգործակցություն  է սահմանվում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ֆիլմերի պահպանման, թվայնացման և հանրահռչակման ուղղությամբ:

Ազգային արխիվից հայտնում են, որ խոսքն ինչպես խաղարկային (գեղարվեստական), այնպես էլ վավերագրական, անիմացիոն և խրոնիկալ կինոնկարների մասին է:

Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային արխիվում՝ Կինոֆոտոֆոնո մասնաճյուղում, պահվում են տասնյակ հազարավոր  ֆոտո և տեսաժապավեններ, որոնք այսուհետ կվերականգնվեն և կգործարկվեն համատեղ ջանքերով:

Համաձայն հուշագրի՝ Ազգային արխիվը կինոկենտրոնին է տրամադրում հայկական կինոնկարների ելանյութային ժապավենները՝ թվային վերականգնման և կոմերցիոն ու ոչ կոմերցիոն նպատակներով օգտագործման համար: Պետական հոբելյանական միջոցառումների, միջազգային փառատոնների ներկայացվածության հարցն այսուհետ կորոշվի երկու կողմերի համատեղ գնահատմամբ: Ժապավենների սկանավորումից և վերականգնումից հետո Ազգային արխիվին կվերադարձվեն բնօրինակ և ձայնագրված երկու նոր օրինակներ։ Ազգային արխիվն իր տրամադրած նյութերի հանդեպ սահմանում է պայմանագրային վերահսկողություն՝ միաժամանակ շատ չմիջամտելով ազգային կինոկենտրոնի գործողություններին:

Այսպիսով՝ հուշագրով նոր շունչ է հաղորդվելու տասնամյակներ շարունակ Ազգային արխիվի պահոցներում գտնվող հայկական տեսալսողական ֆիլմերին, հին ժապավեններին և լուսանկարներին: Դրանք հանձնվելու են պրոֆեսիոնալ մշակման՝ դյուրացնելով հայկական կինոնկարների հետագա ներկայացվածությունը: