Ուկրաինան ԱՄՆ-ից ամսական 2 միլիարդ դոլարի տնտեսական օգնություն է խնդրել. «Վաշինգտոն փոստ»

Կիևը ԱՄՆ վարչակազմից ամսական առնվազն 2 միլիարդ դոլարի շտապ տնտեսական օգնություն է խնդրում՝ ասելով, որ առանց այդ միջոցների Ուկրաինայի հումանիտար ճգնաժամը կարող է վատթարանալ: Այս մասին երկուշաբթի գրել է «Վաշինգտոն փոստ»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոյին։

«Մենք պետք է լրացնենք այս բացը հենց հիմա, որպեսզի ձեռք բերենք անհրաժեշտ ֆինանսավորումը և հաղթենք այս պատերազմում», – ասել է նախարարը հրատարակչությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով, անհրաժեշտ է տնտեսական աջակցություն, որպեսզի պետությունը կարողանա շարունակել կենսաթոշակներ, աշխատավարձեր վճարել առողջապահության և կրթության ոլորտի աշխատողներին, ինչպես նաև հոգալ այլ մարդասիրական կարիքներ։

«Վաշինգտոն փոստ»-ի տեղեկություններով, Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Մարչենկոն ԱՄՆ պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում հայտարարել է, որ Կիևին ամսական առնվազն 5 միլիարդ դոլարի միջազգային օգնություն է անհրաժեշտ՝ ապրիլ, մայիս և հունիս ամիսներին իր հրատապ ծախսերը վճարելու համար, որից 2 մլրդ դոլարը կգա ԱՄՆ-ից։ Բացի այդ, ապագայում ակնկալվում է լրացուցիչ հարցում՝ երկրի վերակառուցման ավելի երկարաժամկետ կարիքների վերաբերյալ։