Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 26-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը կարևորել է բարեկամ Սիրիայի հետ  պատմական եղբայրությունը և բազմաբևեռ կապերի առկայությունը՝ ընդգծելով սիրիահայ համայնքի գործուն դերակատարումը:

Անդրադառնալով Սիրիայի խորհրդարանում հայազգի պատգամավորների ներկայությանը՝  Ալեն Սիմոնյանը ողջունել է նրանց ընդգրկվածությունը նաև Հայաստանի հետ բարեկամական խմբում:

Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Համուդահ Սաբբաղի ուղերձը, որը վերահաստատում  է խորհրդարանների միջև ձևավորված փոխվստահությունն ու համագործակցությունը:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ այս համատեքստում շեշտելով երկու երկրների խորհրդարանների համատեղ ծրագրերի կյանքի կոչումը:  Փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում երկուստեք արձանագրվել  է միջխորհրդարանական համագործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, հետպատերազմյան Արցախին, ինչպես նաև՝ Սիրիայում հայ խաղաղապահների իրականացրած առաքելությանը:

Հանդիպման ավարտին սիրիացի գործընկերները հիշել են իրենց երկրում տարածված ժողովրդական ճշմարտությունը, որ հավատարմությանը հավատարմությամբ են պատասխանում՝ ընդգծելով, որ այն ի հայտ է եկել հայերի և սիրիացիների խաղաղասիրության և փոխվստահության արդյունքում: