Բալթյան երկրները սկսել են ավելի շատ ռուսական էլեկտրաէներգիա գնել

Բալթյան երկրները շարունակում են էլեկտրաէներգիա գնել Ռուսաստանից և նույնիսկ կրկնապատկել են մատակարարումները մարտին՝ հունվարի համեմատ, հայտնում է TV3-ը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընդգծվում է, որ գնումների ծավալն աճել է՝ հասնելով գրեթե 600 հազար մեգավատ/ժամի՝ ի հեճուկս ռուսական էլեկտրաէներգիայի ներմուծման սահմանափակումների մասին Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի համակարգերի օպերատորների որոշման։

«Ռուսական էլեկտրաէներգիայից կախվածությունից ազատվելու համար Էստոնիան պատրաստվում է փոքր մոդուլային ռեակտոր կառուցել։ Լատվիան դեռ չի միացել նախագծին, սակայն ուսումնասիրում է հնարավորությունները»,– հաղորդում է հեռուստաալիքը։

Իր հերթին Լատվիայի էկոնոմիկայի նախարար Յանիս Վիտենբերգսը հայտարարել է, որ էստոնական «Ֆերմի էներջիա» ընկերության նախագծի իրականացումը «դեռ շատ հեռու է»։ «Լատվէներգոն» հաստատել է, որ իրենք չեն հրաժարվում փոքր ռեակտոր կառուցելու գաղափարից, սակայն առայժմ նրանք ուսումնասիրում են ատոմային էներգիայի ազդեցությունն ընդհանուր էներգետիկ շուկայի վրա։