Ադրբեջանի կողմից հարձակման սպառնալիքի տակ ու ներքին հուզումների առջև գտնվող Հայաստանում արտաքին ու ներքին թշնամիները գործի են անցել

Իսկ ինչո՞վ են զբաղված իրավապահները…

 

Ադրբեջանի կողմից հարձակման ու ներքին հուզումների սպառնալիքի տակ գտնվող Հայաստանում վերջին շրջանում արտաքին կամ ներքին թշնամիների կողմից միմյանց են հաջորդում հասարակությանը տագնապի, լարվածության մեջ պահող, իսկ իրավապահներից ուժեր, միջոցներ խլող, վատնող, նրանց ուշադրությունը շեղող ահազանգերն իբր նախապատրաստված ահաբեկչությունների վերաբերյալ:

Ահավասիկ. ապրիլի 8-ին իրականությանը չհամապատասխաբող, կեղծ ահազանգ է ստացվել, որ ռումբ է տեղադրված Երևանի Կոմիտաս 23 շենքում, բնակիչները տարհանվել են, ժամանել են շտապօգնության, ոստիկանության ու փրկարար ծառայությունները։ Նույն օրը ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք է տեղադրված։ Տարհանվել է մոտ 500 քաղաքացի, սակայն հետագայում պարզվել է, որ այս ահազանգը նույնպես կեղծ է:

Դարձյալ ապրիլի 8-ին, ժամը 14։56-ին հիշյալ կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին ստիպված են եղել տարահանել մոտ 2000 քաղաքացու: Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Նույն օրը, ժամը 15։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են տարահանման աշխատանքներ:

Ապրիլի 19-ին, ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վայց Ձորի մարզի Վերնաշեն գյուղի միջնակարգ դպրոցում ռումբ է դրված և կան դանակահարված անձինք։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ, նմանատիպ ահազանգ է ստացվել նաև ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում, 911 հեռախոսահամարին։ Ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները դպրոցի աշխատակիցների հետ տարհանել են աշակերտներին, պարզվել է, որ այս ահազանգը նույնպես ամբողջությամբ կեղծ է:

Կարծում ենք, այս ամենը պատահական չէ, արտաքին ու ներքին թշնամիները գործում են ձեռք ձեռքի տված, իսկ վերոնշյալ դեպքերը, հնարավոր է, լինեն նախապատրաստվող ինչ-որ սադրանքի կամ ահաբեկչության շրջանակում:

«Սատանայի հետ կապ ունեցողներին գտնելն ԱԱԾ ուժերից վեր է, բայց պարտավոր է փնտրել- գտնել, բացահայտել Սատանայի մանկլավիկների հետ կապ ունեցողներին» վերտառությամբ մեր նախորդ հրապարակումներից մեկում  դժգոհություն էինք արտահայտել ԱԱԾ-ի և ոստիկանության աշխատանքի կապակցությամբ: Կարծում ենք, մեր քննադատական վերաբերմունքն արդարացի կլինի նաև այս դեպքում, քանի որ հիշյալ մարմինները ոչ թե ընդդիմության գործիչների նկատմամբ քրեական գործեր սարքելով պետք է զբաղվեն, ցուցարարներին բերման ենթարկեն (նրանք չեն մեր հայրենիքի թշնամիները, այլ ճիշտ հակառակը), այլ իրենց ուժերն ու միջոցները կենտրոնացնեն պետության ու հասարակության համար իսկապես վտանգավոր հանցագործությունների բացահայտման ու կանխման համար:

 

Արթուր Հովհաննիսյան