Ալիևն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ հատուկ ներկայացուցչին

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում են ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ օրերս Խովաևը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում:

«Իգոր Խովաևի հիմնական խնդիրներից է ադրբեջանցի և հայ գործընկերներին աջակցել խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում։ Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն միացել է աշխատանքին, օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երևանում։ Համաձայնեցված է նրա այցը Բաքու, որը տեղի կունենա մոտ ապագայում»,- իրազեկել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։