Կկատարվի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում  կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:  Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում (Ս․ Պատարագի սկիզբը ժամը 10։30-ին): Այս առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն Հայոց ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը և սուրբ նահատակներին  նվիրված սրբապատկերը: Հավարտ Սուրբ Պատարագի՝ Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, կկատարվի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է մեր ժողովրդի զավակներին նվիրական այս օրն աղոթակից լինել հոգևոր դասին և հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունն առ Աստված՝ աշխարհասփյուռ մեր ժողովրդի անվտանգ կյանքի և մեր հայրենիքի խաղաղության ու բարօրության համար»,- նշում են Մայր Աթոռից։