Պայմանավորվածությունները պետք է անշեղորեն կատարվեն․ ՌԴ դեսպանը՝ Փառուխի իրադարձությունների մասին

Մեր դիրքորոշումն այն է, որ եռակողմ համաձայնագրում արձանագրված բոլոր դրույթները պետք է անշեղորեն կատարվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Արցախի Փառուխ գյուղում տեղի ունեցած իրադարձությունների մասին հարցին։

Նա հավելեց, որ դրան է միտված նաև խաղաղապահ զորախմբի գործունեությունը։

«Ինչ վերաբերում է խաղաղապահների թվին, ապա դա որոշված ​​է եռակողմ պայմանագրերով, և ես այստեղ ոչինչ ավելացնել չեմ կարող»,-ընդգծեց դեսպանը։

Փառուխի մոտակայքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ դեսպանը հիշեցրեց ՌԴ ԱԳՆ-ի նախկինում հնչեցրած դիրքորոշումը՝ հավելյալ գնահատականներ չտալով։

Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին հարցին՝ Կոպիրկինը հորդորեց առաջնորդվել ՌԴ ԱԳՆ-ի հայտարարություններով։

Հիշեցնենք, որ Փառուխի իրադարձությունների հետ կապված ՌԴ ՊՆ-ն արձանագրել է Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների խախտման փաստը։