Ռոսավիացիան կրկին երկարացրել է Ռուսաստանի հարավային 11 օդանավակայաններում թռիչքների արգելքը

Ռոսավիացիան կրկին երկարացրել է Ռուսաստանի հարավային 11 օդանավակայաններում թռիչքների արգելքը։ Սահմանափակումները սահմանվել էին փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկի օրը։ Արգելքը գործում է մինչև մայիսի 1-ը Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը, հայտնել է գերատեսչությունը։

Թռիչքները դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ սահմանափակ են։ Որպես այլընտրանք՝ խորհուրդ է տրվում  օգտագործել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։