Ապրիլի 23-ի գիշերը Ծիծեռնակաբերդում կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»

Այս տարի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ, կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապրեի բաժնից հայտնում են, որ ապրիլի 23-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ծիծառնակաբերդում, գիշերը կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը», որը ուղիղ միացմամբ կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ: Մոցարտի «Ռեքվիեմ»-ը կհնչի նաև ապրիլի 24-ին, ժամը՝ 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և գեղեցկագույն հոգեհանգստյան մեսսայի մենակատարներն են աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Աննա Սամուիլը, անվանի բաս Թոբիաս Բերնդտը, երիտասարդ, տաղանդավոր մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանն ու տենոր Տիգրան Մելքոնյանը։

Ռեքվիեմը կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) և Ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) կատարմամբ։ Այն կղեկավարի ավստրիացի անվանի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդը:

Ապրիլի 23-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Almazian Productions-ի և Օնտարիոյի ֆիլհարմոնիկի համագործակցությամբ, Կանադայում, Օնտարիոյի «Ռեգենտ» թատրոնում (Regent Theatre Oshawa) նույնպես կկայանա համերգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Համերգին կմասնակցի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգին տեղի կունենա հայ ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Անապատի հարսը» բալետի սյուիտի համաշխարհային պրեմիերան։ Հյուրընկալող կողմը նվագախմբի կայքում գրել է, որ հայերը 1915թ.-ին սարսափելի ցեղասպանություն են վերապրել, և անդրադառնալով այս պատմական իրողությանը, Օնտարիոյի ֆիլհարմոնիկը պատիվ ունի ներկայացնել Վաչե Շարաֆյանի ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է հատուկ այդ առիթով՝ հիշատակելով Հայոց պատմության ամենաողբերգական էջը։

Երաժշտության հիմքում ընկած պատմությունը վերցված է ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի ինքնակենսագրական պոեմներից։ Դա մի հայ ընտանիքի պատմություն է, որն անցել է 1915 թ.-ին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության արհավիրքների միջով: Բալետի վերջին տեսարանում հանդերձյալ աշխարհից հնչում է «անապատի հարսի» ուղերձը, որը կընթերցի հոլիվուդյան հայտնի դերասանուհի Բեատա Պոզնյակը։ «Անապատի հարսը» խորհրդանշում է Դեր Զորի անապատում խոշտանգված, սպանված միլիոնավոր հայերին:  Ստեղծագործությունը եզրափակվում է բանաստեղծությամբ, որտեղ «հարսը» հույս է հայտնում, որ հարսանեկան սովորության համաձայն իր ուսի վրայով նետած ծաղկեփունջը կվերանա տիեզերքի սև խոռոչում, եւ այն այլեւս ոչ մեկին բաժին չի հասնի: Դա հայ ազգի մարդասիրական ուղերձն է աշխարհին՝ արթնանալ, դատապարտել ահավոր ցեղասպանական մտքերը, քաղաքականությունը և համախմբել մարդկային ջանքերը, որպեսզի իսկապես կարողանանք կանխել և ընդմիշտ կասեցնել մարդկության պատմության նման սարսափելի երևույթներն ապագայում։