Պատերազմը կանգնեցնելու մասին ԱԺ-ում Փաշինյանի հայտարարությունը կքննվի, նա կկանչվի հարցաքննության․ գլխավոր դատախազ

Ազգային ժողովում պատերազմի հետ կապված Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ զոհված զինծառայողների հաղորդումը միացվել է Մովսես Հակոբյանի հայտարարության հիմքով հարուցված քրեական գործին և կքննվի մեկ վարույթում: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Զոհված զինծառայողների ծնողների կողմից ներկայացված հաղորդումը վերաբերում էր Ազգային ժողովի նիստում ՀՀ վարչապետի ելույթում հնչած խոսքերին: Այդ ելույթը ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ այդ նույն քրեական գործի շրջանակում քննություն կատարելու: Խոսքը ինքն իրենով իրավական նշանակություն չունի, դա քրեական գործի շրջանակում պետք է արժանանա իրավական գնահատականի», -հայտարարել է դատախազը:

Դատախազը վստահեցրել է, որ ծավալուն աշխատանք է պահանջվում քննություն իրականացնելու համար, բայց անելու են հնարավորը, որ այն լինի օբյեկտիվ ու բազմակողմանի:

«Այդ քրեական գործով վարչապետը տեղեկություններ հայտնելու իրավունք ու պարտականություն ունի, այսինքն՝ նախաքննական մարմինը պետք է նրանից պարզաբանումներ ստանա», -նշել է Դավթյանը:

Հիշեցնենք, որ վարչապետը Ազգային ժողովում հայտարարել էր, որ 2020-ի արցախյան պատերազմը եթե ավելի շուտ կանգնեցվեր, իրավիճակը նույնը կլիներ, ինչ այժմ է, բայց ավելի քիչ զոհերով: Այս հայտարարությունը ընդդիմությունը համարում էր հաղորդում հանցագործության մասին, և զոհված զինծառայողների ծնողները այդ հայտարարության հետքերով դիմել էին Դատախազություն:

Հիշեցնենք նաև, Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունը վերաբերում էր պատերազմին ոչ պատշաճ նախապատրաստվելուն, պատերազմի ընթացքում ռազմաքաղաքական ղեկավարության անօրինական գործողություններին և այլն: