ՄԱԿ-ում հայտարարել են Ուկրաինայում ցեղասպանությունը հավաստող տվյալների բացակայության մասին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունը տվյալներ չունի այն մասին, թե Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ժամանակ կատարվել են ցեղասպանության ակտեր: Ապրիլի 22-ին Ժնևում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է այդ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Մենք տեղեկատվություն չունենք, որը ցույց տար, թե ցեղասպանություն է կատարվել»,- նշել է նա:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 12-ին լրագրողների հետ շփման ժամանակ հայտարարել է, թե Ուկրաինայի իրադարձություններն իրեն ցեղասպանություն են թվում:

Միացյալ Նահանգների ղեկավարն ըստ որում նշել է, թե տեղի ունեցողի գնահատումը պետք է տան իրավաբանները: Մինչ այդ նա համանման արտահայտություն է գործածել՝ ճառով ելույթ ունենալով Այովայի նահանգում:

ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բայդենի խոսքը ցեղասպանության մասին, նշել է, որ Կրեմլում կտրականապես համաձայն չեն այդ հայտարարություններին: Նա նաև անթույլատրելի և աններելի է համարել այն երկրի ղեկավարի հռետորաբանությունը, որի ռումբերից հարյուր հազարավոր մարդիկ են մահացել ամբողջ աշխարհում: