2021-ին կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել մոտ 600 պաշտոնատար անձի նկատմամբ. Գլխավոր դատախազ

Դատախազության ավանդական առաջնահերթությունը շարունակում է մնալ կոռուպցիայի դեմ պայքարը: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը։

«2021 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ`նախորդ տարվա համեմատ մոտ 300-ով ավելի: Այդ 1698 անձանցից մոտ 600-ը հանդիսացել են պաշտոնատար անձ»,- ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազի խոսքով` տարվա ընթացքում հաջողվել է քննությունն ավարտել և դատի տալ շուրջ 433 անձի կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար:

«Տարվա ավարտի դրությամբ ընթացիկ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով բացահայտված պետությանը պատճառված վնասը կազմել է 443 միլիարդ դրամ: Միայն 2021 թվականի ընթացքում փաստացի քննության փուլում վերականգնվել է 7 միլիարդ դրամի վնաս: Այս քրեական գործերի մեծամասնությունը բավականին երկար ժամանակ քննվող քրեական գործեր են: Ակնհայտ է, որ պետությանը պատճառված վնասի հաշվարկը, պարզումը, դրա պատշաճ ապացուցողական բազայով հիմնավորումը ժամանակատար գործընթաց է և որպես կանոն դա շատ հաճախ պայմանավորված է նաև հատուկ գիտելիքների կիրառմամբ, այսինքն` փորձաքննությունների նշանակմամբ, որն էլ բերում է քննության երկարատևության:  Դրա համար մենք դեռևս  1-1.5 տարի առաջ հարուցված քրեական գործերով իրական արդյունքները տեսնում ենք շատ ավելի ուշ: Համեմատության համար նշեմ, որ միայն այս տարվա առաջին եռամսյակում ունենք 19 միլիարդ դրամի պետությանը պատճառված վնասի վերականգնում: Դա վկայությունն է նրա, որ ավելի վաղ հարուցված քրեական գործերը արդեն մոտենում են իրենց հանգուցալուծումներին»,- եզրափակեց Դավթյանը: