ԱԻՆ-ի կոռուպցիոն քրգործով մեղադրյալների թիվն ավելացել է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող ԱԻՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու և այլ չարաշահումներ կատարելու փաստերով քրեական գործով մեղադրյալների թիվն ավելացել է՝ 8-ից դառնալով 20: Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Նշվում է, որ 20 մեղադրյալներից 6-ը, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, կալանավորված են, մյուսները ստորագրությամբ ազատ են արձակվել:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության աշխատակիցներ, այդ թվում`  տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն էր ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: