Սի Ծինփինը դեմ է միակողմանի պատժամիջոցներին

Միակողմանի պատժամիջոցներն ու երկակի ստանդարտների քաղաքականությունն անընդունելի են, ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ասիական տնտեսական ֆորումին ուղղված տեսաուղերձում, որը տեղի է ունենում Բոաոյում՝ չինական Հայնան կղզում։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Աշխարհի բոլոր երկրները նավարկում են մեկ մեծ նավով՝ ընդհանուր ճակատագրով: Եթե նրանք ցանկանում են անցնել կատաղի ալիքները և շարունակել իրենց ճանապարհը դեպի ավելի պայծառ ապագա, նրանք պետք է շարժվեն նույն ուղղությամբ: Անընդունելի է փորձել ինչ-որ մեկին ծովը նետել»,- Չինաստանի ղեկավարի խոսքերն է մեջբերում Կենտրոնական հեռուստատեսությունը։

Սի Ծինփինը կոչ է արել վերջ տալ երկակի ստանդարտների քաղաքականությանը և միակողմանի պատժամիջոցների չարաշահմանը։ Նա նշել է երկխոսության և խորհրդակցությունների միջոցով երկրների միջև տարաձայնությունների և վեճերի խաղաղ կարգավորմանը հավատարիմ մնալու անհրաժեշտությունը, ինչպես նաև աջակցել բոլոր ջանքերին, որոնք նպաստում են ճգնաժամերի խաղաղ կարգավորմանը։