Ինչպիսի՞ն կարող է լինել Արցախի ճակատագիրը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն է։ 

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարած այցի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ձեռք բերած պայմանավորվածություններից ու ստորագրած փաստաղթղթերից։ Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Արցախի կարգավիճակի հետ կապված։ Կողմերը հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան։ Արդյո՞ք դա նշանակում է, որ ՌԴ-ն, չնայած Լավրովի հայտարարությանը, թե Արևմուտքը փորձում է Ռուսաստանից դուրս մղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից, Արցախի խնդրի կարգավորումը հենց այդ կառույցի միջոցով է տեսնում։ Մյուս կողմից Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ընդգծում է, որ հենց Արևմուտքը պետք է միջնորդական առաքելություն իրականացնի այդ հարցում և Ռուսաստանին դուրս մղի բանակցություններից։ Գառնիկ Դավթյանն ասաց, որ Արևմուտքի համար Ադրբեջանը ցանկալի գործընկեր է, և եթե Հայաստանը տուրք տա Արևմուտքի նկրտումներին, ապա Արցախի հարցը հայանպաստ կարգավորում չի ունենալու։

Ի՞նչ քաղաքականություն են իրականացնում ՀՀ իշխանությունները՝ փորձելով նույն գործընթացներում պայմանավորվածություններ ձեռք բերել մեկ Արևմուտքի (բրյուսելյան այցը), մեկ Ռուսաստանի հետ։ Ի՞նչ վտանգներով է հղի Փաշինյանի նման երկակի վարքագիծը։

Ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում իր ագրեսիվ հարձակումներն ու հավակնությունները Արցախի ու Հայաստանի նկատմամբ, եթե թվում է, որ Ադրբեջանի համար լավագույն նպաստավոր պայմաններ են ստեղծվել Հայաստանին իր նախապայմաններով խաղաղության պայմանագիր պարտադրելու համար։ Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանը վախենում է ժամանակ ձգձգելուց, որ շատ արագ տարածաշրջանում կարող է իրավիճակ փոխվել, և իր համար այլևս նպաստավոր պայմաններ չլինեն տարածքային ամբողջականությամբ Արցախն ամբողջությամբ գրավելու և Հայաստանից տարածքներ պոկելու, զավթելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում