Արգելափակեք, որ անգամ ճանճ չթռչի․ Պուտինը չեղարկել է Մարիուպոլի «Ազովստալ»-ի գրոհումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Մարիուպոլի «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել և հրամայել է չեղարկել այն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արդյունաբերական գոտու առաջարկվող գրոհը նպատակահարման չեմ համարում։ Հրամայում եմ չեղարկել»,- ասել է Պուտինը։

«Այո»,- պատասխանել է Շոյգուն:

Պուտինը «Ազովստալ»-ի վրա գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը փրկելու նկատառումներով։

«Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն՝ միշտ պետք է մտածենք, բայց այս դեպքում՝ առավելևս՝ մեր զինվորների ու սպաների կյանքն ու առողջությունը փրկելու մասին։ Կարիք չկա մտնել այդ կատակոմբների մեջ և գետնի տակով սողալ այդ արդյունաբերական օբյեկտներով»,- ասել է Պուտինը:

«Արգելափակեք այդ արդյունաբերական գոտին, որ նույնիսկ ճանճ չթռչի»,- ընդգծել է նա։

Ռուսաստանը երաշխավորում է կյանքը և արժանապատիվ վերաբերմունքն այն ուկրաինացի զինվորականներին, ովքեր դուրս կգան «Ազովստալ»-ից, ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

ԱՄՆը և ԵՄը գնահատել են ՌԴի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։