Ղարաբաղում «Բայրաքթարները» «մարդասպաններ» էին, իսկ Ուկրաինայում վերածվեցին «հրեշտակների». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում  անդրադարձել է Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերի կիրառմանը՝ շեշտելով Արևմուտքի արձագանքը:

«Ուշադրություն դարձրեք Արևմուտքի արձագանքին. Ղարաբաղում, նրանց կարծիքով, թուրքական մարտական անօդաչուները «մարդասպաններ» էին, իսկ Ուկրաինայում դրանք վերածվեցին «հրեշտակների»», – ասել է Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ արևմտյան երկրները միայն հիմա են սկսել հասկանալ Թուրքիայի դերը տարածաշրջանում։

Հիշեցնենք, որ վերջերս «Բայրաքթարների» վերաբերյալ նմանատիպ հայտարարություն էր արել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: