Հայաստան-Թուրքիա հարաբերության կարգավորումը անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով. «Հայաստան»

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ, որով առաջարկներ է ներկայացնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով՝ որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանի դրույթները և Հայաստանի անկախության մասին հռչակագրի պահանջները,

Վերահաստատելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը կյանքի կոչելու հանձնառությունը,

Հաշվի առնելով

Թուրքիայի հայատյաց և Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը,

Քառասունչորսօրյա պատերազմին Թուրքիայի բացահայտ մասնակցության փաստը,

Թուրք-ադրբեջանական տանդեմի «Շուշիի հռչակագրով» ամրագրված հակահայկական ռազմավարական նպատակներն ու պանթուրանական ծրագրերը,

քաղաքական և տնտեսական էքսպանսիա իրականացնելու միջոցով տարածաշրջանում լիարժեք վերահսկողություն հաստատելու Թուրքիայի նպատակները,

Հայաստանին աշխարհաքաղաքական, քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային մակարդակներում կենսական զիջումներ պարտադրելու միջոցով հայկական գործոնը վերացնելու Թուրքիայի վերջնանպատակը։

Համոզված լինելով, որ

Հայաստանի և հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որևէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է,

Հայաստանի, որպես ազգային և ինքիշխան պետության զարգացման երաշխիքը նրա աշխարհաքաղաքական նշանակության և սերունդների իրավունքների պահպանումն ու ամրապնդումն է,

Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության և Արցախի լինելիության ու անվտանգության հարցերը փոխկապակցված են,

Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն օգտագործել իր և Ադրբեջանի պահանջները բավարարելու համար,

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարում են էթնիկ ազգակցության և ուժի դիրքերից բխող միջազգային սկզբունքներին ու նորմերին հակասող քաղաքականություն և իրականացնում են «Մեկ ազգ` երկու պետություն» հայեցակարգը՝ Հայաստանի դեմ հանդես գալով երկու ճակատով:

Առ այդ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով՝ որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը։ Հետագա հարաբերությունները պետք է կառուցվեն նկատի ունենալով հետևյալ  հիմնարար սկզբունքները.

1․ Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը`  նախատեսվող պարտավորությունների ստանձման և դրանց կատարման ուղղությամբ, անհրաժեշտաբար պետք է ներդաշնակ լինեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի  12․01․2010թ որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին։

2․ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման ու Ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։

3․ Առաջնորդվել Հայաստանի և սփյուռքի միասնական կամքով՝ Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և Ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում։

4․ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների հարցը ենթակա է լուծման համաձայն միջազգային իրավունքի հիմնարար և համընդհանուր նորմերի:

5․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը որևէ կերպ չի կարող խոչընդոտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և այն երաշխավորելու Հայաստանի հանձնառության կատարմանը։

6․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը չի կարող ուղղակի կամ անուղղակի պայամանվորվել և ծառայեցվել Ադրբեջանի պահանջների բավարարմանը և թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական և պանթուրանական ծրագրերի իրագործմանը։

7․ Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա պետք է նպաստի Թուրքիայում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը»: