Հարավային Օսիայում սպասում են Ռուսաստանի աջակցությանը՝ հանրաքվե անցկացնելու համար

Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու որոշումը չի կարող ընդունվել միակողմանի, նախ անհրաժեշտ է ստանալ Ռուսաստանի աջակցությունը, որ նա պատրաստ է ստանձնել այդ պատասխանատվությունը: Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին հայտարարել է Հարավային Օսիայի նախագահի թեկնածու, «Նիխաս» կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 28-ին։ Առաջին փուլի արդյունքներով Գագլոևը 3,5%-ով առաջ է անցել գործող նախագահ Անատոլի Բիբիլովից։ Ավելի վաղ Բիբիլովն առաջարկել էր հանրաքվե անցկացնել Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու հարցով։

Գագլոևի խոսքով՝ «մեր ժողովրդի ցանկությունն է՝ վերամիավորվել հյուսիսային եղբայրների հետ Ռուսաստանի կազմում»։ Նա հիշեցրել է, որ «1991 թվականի սեպտեմբերին Հարավային Օսիայի Գերագույն խորհուրդը և 1992 թվականի հունվարին հանրաքվեի ժամանակ քաղաքացիները քվեարկեցին Ռուսաստանին վերամիավորվելու օգտին»։ Այն ժամանակ մասնակցությունը կազմել է 96,9%, կողմ է քվեարկել 99,89%-ը։

«Միջազգային իրավունքի տեսանկյունից հանրաքվեն անցել է անթերի: Վրաստանն այն ժամանակ ՄԱԿ-ի անդամ չէր, միջազգայնորեն ճանաչված երկիր չէր: Այդ փաստաթղթերի հիման վրա Ռուսաստանը ճանաչեց մեր անկախությունը, և դրանք ունեն բավարար իրավական ուժ, որպեսզի վերամիավենք»,- ասել է նախագահի թեկնածուն։

Նա հայտնել է, որ եթե ևս մեկ հանրաքվե անհրաժեշտ լինի, ցանկացած ընտրված նախագահ այն կանցկացնի, քանի որ դա ժողովրդի կամքն է։

«Բայց նման կարևոր որոշումը, իմ կարծիքով, միակողմանի չի ընդունվում: Եվ այստեղ հիմնական գործոնը Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունն է ստանձնել այդպիսի պատասխանատվություն: Պետք է նախնական աշխատանք կատարել, որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել: Յուրաքանչյուր քայլ պետք է համեմատել ռազմավարական գործընկերոջ դիրքորոշման հետ՝ առանց այն էլ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը չբարդացնելու համար»,- ​​ասել է նա։