Շոլցը հայտարարել է Ուկրաինայի համար գերմանական զենքի պաշարների սպառման մասին

Ներկայում Գերմանիայի պաշտպանության նախարարությունը սպառել է զենքի պաշարները, որոնք կարող են մատակարարվել Ուկրաինային։ Այս մասին ապրիլի 19-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հայտնում է Süddeutsche Zeitung թերթն իր կայքում։

Նրա խոսքով՝ ցուցակը, թե ինչ կարելի է տրամադրել Կիևին, մշակվում է գերմանական արտադրողների և Ուկրաինայի կառավարության հետ համատեղ։

Նա դաշնակիցներին կոչ է արել Կիևին մատակարարել Ուկրաինայում արդեն հայտնի զենքի համակարգեր։ Նրա խոսքով՝ ռազմական օգնություն է անհրաժեշտ, որպեսզի Կիևը կարողանա «պաշտպանվել» Ռուսաստանից։ Առաքումները քննարկվում են միջազգային գործընկերների հետ։

Երեքշաբթի օրը Շոլցը համաժողով է անցկացրել միջազգային դաշնակիցների հետ։ Բացի G7 երկրներից, դրան մասնակցել են նաև ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ինչպես նաև Լեհաստանի և Ռումինիայի նախագահներ Անջեյ Դուդան և Կլաուս Յոհանիսը։