Գլխավոր հարցը մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն է. Փաշինյանը՝ Պուտինին

Այս այցն ունի ոչ միայն պրակտիկ, այլև խորհրդանշական նշանակություն, որովհետև նվիրված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակին և ցույց է տալիս, որ մեր երկրների հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց. «Ես հույս ունեմ, որ այս այցի արդյունքներով այդ դինամիկան ավելի արդյունավետ կլինի:

Մենք մշտապես կապի մեջ ենք, շատ հաճախ հանդիպում ենք, հեռախոսազրույցներ ենք ունենում: Սա նաև այն պատճառով է, որ երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, պրակտիկորեն բոլոր ոլորտներում՝ սկսած տնտեսությունից, վերջացրած մշակույթով, կրթությամբ, ռազմատեխնիկական համագործակցությամբ:

Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, մենք արդյունավետ համագործակցում ենք ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում:

Պետք է նորից ընդգծեմ ձեր բացառիկ դերը 2020-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման գործում: Դրանից հետո ռուսական խաղաղապահներն են գործում Լեռնային Ղարաբաղում: Ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահների կենսագործունեությունն ապահովում է անվտանգությունը: Պետք է նայել, թե ինչ կարելի է անել, որպեսզի խաղաղապահների գործունեությունը դառնա ավելի արդյունավետ:

Եվ իհարկե, գլխավոր հարցը մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն է: Ես վստահ եմ, որ մենք այսօր այդ մասին էլ կխոսենք:

Ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի անցկացնել արդյունավետ բանակցություններ»: