Ամերիկացի քաղաքական գործիչը ՆԱՏՕ-ին կոչ է արել «բախտը չփորձել» Ռուսաստանի հետ

ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու գաղափարից, որպեսզի «բախտը չփորձի» Ռուսաստանի հետ: American Conservative ամսագրի սյունակում գրել է ամերիկացի գրող և քաղաքական գործիչ, նախագահի նախկին թեկնածու Պատրիկ Բյուքենենը։

Նրա կարծիքով, Վաշինգտոնը պետք է իր hամար «գործողության ազատության» հնարավորություն թողնի՝ հիպոթետիկ միջազգային հակամարտության դեպքում։

«Այսօր մենք ոչ միայն ղեկավարում ենք 30 երկրների դաշինքը, այլև փորձում ենք ընդգրկել ևս երկու անդամի, որոնցից մեկն ունի 830 մղոն սահման Ռուսաստանի հետ, բայց դեռ որքա՞ն ենք մենք փորձելու մեր բախտը»,- հարցրել Բյուքենենը:

Ամերիկացի քաղաքական գործիչը հիշեցրել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, որ երբ Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, այլևս հնարավոր չի լինի խոսել Բալթիկայի ոչ միջուկային կարգավիճակի մասին։

«Սառը պատերազմի ժամանակ Ֆինլանդիան չեզոք է եղել: Շվեդիան չեզոք է եղել 19-րդ դարի սկզբի Նապոլեոնյան պատերազմներից ի վեր: Մենք ինչ-որ կերպ տուժե՞լ ենք նրանց չեզոքությունից»,- ընդգծել է հոդվածի հեղինակը։

Բյուքենենի կարծիքով՝ ԱՄՆ-ը ոչ մի օգուտ չունի «Ռուսաստանի հետ պարտադրված պատերազմում», որն ունի աշխարհում միջուկային զենքի ամենամեծ պաշարը:

Ֆինլանդիան և Շվեդիան սկսել են խոսել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունից հետո երկարաժամկետ չեզոքությունից հրաժարվելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին։ Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքը ուրախ կլինի տեսնել երկրներին իրենց շարքերում և նրանց արագ միանալու հնարավորություն կընձեռի։ Հյուսիսատլանտյան դաշինքն ակնկալում է, որ այս պետությունները կկայացնեն իրենց որոշումները դաշինքին հնարավոր անդամակցության վերաբերյալ առաջիկա «ամիսների և շաբաթների ընթացքում», ավելի վաղ այս մասին ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Ջուլիաննա Սմիթը։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը կողջունի այդ երկրների անդամակցությունը դաշինքին։