Իրանի գեներալը կրկին սպառնաց Ադրբեջանին․ ադրբեջանական ԶԼՄ-ներ

Վերջին 3 օրերի ընթացքում և հատկապես երեկ ադրբեջանական մեդիա տիրույթում տեղ գտան մոտ 2 տասնյակ հրապարակումներ և արտատպումներ, որոնք վերնագրված էին «Իրանի գեներալը կրկին սպառնաց Ադրբեջանին» և «Իրանցի գեներալ՝ Տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ թույլ չենք տա»։

Ի՞նչ է տեղի ունեցել

Անցած շաբաթ Թեհրանում ուրբաթօրյա նամազի ժամանակ, որին ներկա է եղել նաև ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Քիոմարս Հեյդարին, հնչել է ռազմաքաղաքական ուղերձներ պարունակող ելույթ՝ հարավկովկասյան զարգացումներին անմիջականորեն առնչվող։ Տեքստի հեղինակը եղել է վերևում նշված Ամիր Քիոմարս Հեյդարին։

Հատված ելույթի տեքստից.

«Կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող հյուսիս-արևմտյան գոտում տեղի ունեցած Արցախյան պատերազմի ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարի (Ալի Խամենեի – Ա.Տ.) հրամանով ձեռք բերեցինք տեղեկություն այն մասին, որ սիոնիստական ապօրինի ռեժիմը (Իսրայել – Ա.Տ.) ներկայություն ունի հակամարտող երկրներից մեկի տարածքում և նպատակ է դրել՝ փոխելու տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորությունը։ Կազմակերպեցինք «Ֆաթեհան- Խեյբար» զորավարժությունը և հայտարարեցինք մեր կարևոր և ռազմավարական նշանակության 2 պայմանները՝ 1) մենք թույլ չենք տա աշխարհաքաղաքական դասավորության փոփոխություն տարածաշրջանում, 2) սիոնիստական ռեժիմը պետք է դուրս գա տարածաշրջանից։ Մեր զինված ուժերը մնացին տեղում և մեր երկու պայմանները կատարվեցին։ Մենք այժմ նորից հետևում ենք սիոնիստական աշխուժությանն այս հատվածում»

Նախադեպեր

Գեներալ Հեյդարին առաջին անգամ խոսել է պետությունների սահմանների փոփոխության անթույլատրելիության և այդ կետի՝ Իրանի համար «կարծիր գիծ» լինելու մասին 2020թ. նոյեմբերի 6-ին, երբ ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ծավալվել էին և արդեն ընդհուպ մոտեցել ՀՀ պետական սահմանին։ Գեներալի հայտարարությունը հետևել էր ԻԻՀ հոգևոր առաջնորդի՝ նոյեմբերի 4-ի լայն անդրադարձին և, ըստ էության, ռազմական գործչի բերանով արվող կրկնություն էր Ալի Խամենեիի առաջ քաշած դրույթներից մեկի (պետական սահմանների փոփոխության անթույլատրելիություն):

Երկրորդ անգամ գեներալ Հեյդարին խոսել է 2021թ. սեպտեմբերի 30-ին՝ այն ժամանակ, երբ իրանական որոշ պաշտոնյաներ, ռազմական գործիչներ և լրատվամիջոցներ տարածում էին տեղեկություններ ՀՀ հարավային սահմանների ուղղությամբ նախապատրաստվող թուրք-ադրբեջանական համատեղ ներխուժման մասին։ Այդ օրերին զորավարժությունների անցկացման քողի տակ ԻԻՀ-ն կատարեց մեծ զորաշարժ դեպի Ադրբեջանի և Նախիջևանի սահման և գեներալ Հեյդարին կրկին հայտարարեց, որ Ադրբեջանում առկա են սիոնիստական և ահաբեկչական ուժեր, որոնք պատերազմից հետո չեն հեռացել։

Տելեգրամյան հայտնի տեսահոլովակը և գեներալ Հեյդարիի հայտարարությունը

Գեներալ Հեյդարիի հայտարարությունը պետք է քննարկվի ԻՀՊԿ ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքով շրջանառված այն տեսահոլովակի համատեքստում, որում տեղ էին գտել կադրեր նշված զորավարժությունից, պետությունների սահմանների անխախտելիության մասին Ալի Խամենեիի հայտարարությունից հատվածներ, իսկ ՀՀ-ԻԻՀ սահմանը ցույց էր տրվել կարմիր գծով։ Տեսահոլովակը մեծ աժիոտաժ էր առաջացրել Ադրբեջանում, ներկայացվել՝ որպես ԻՀՊԿ սադրանք Ադրբեջանի դեմ, իսկ տելեգրամյան ալիքը ներկայացվել էր՝ որպես «ԻՀՊԿ պաշտոնական ալիք»։ Ապա, պարզաբանումների համար Ադրբեջանի ԱԳՆ էին կանչվել Բաքվում ԻԻՀ դեսպանը և ռազմական կցորդը, որոնք հայտնել էին, որ որևէ տեղեկություն չունեն այն մասին, թե ում է պատկանում Ադրբեջանին անհանգստացրած տելեգրամյան ալիքը։
Գեներալ Հեյդարիի հայտարարությամբ Իրանը անուղղակի զգուշացումներից և դիվանագիտական մոտեցումից կարծես կրկին անցել է անմիջական պաշտոնական հաղորդակցության և այս անգամ խոսել Բաքվի հետ ավելի ուղիղ։

Հասարակական-քաղաքական և հանրային արձագանքներ

Ադրբեջանում թե՛ հասարակական-քաղաքական, թե՛ հանրային լայն մակարդակում գեներալ Հեյդարի հայտարարությունը գնահատվել է թշնամական, սադրող և հայանպաստ։ Հատկապես նշվել է այն հանգամանքը, որ Ադրբեջանին վերագրվող «իսրայելական ներկայության» փաստը ընդամենը կեղծ պատճառ է Իրանի համար Ադրբեջանի դեմ ճնշումներ գործադրելու և հայերին պաշտպանելու համար։ Արդյունքում, այս օրերին Ադրբեջանում կրկին սրվել են հակաիրանական տրամադրությունները, ուժեղացել է հակաիրանական քարոզը։

Իրանագետ Արտյոմ Տոնոյան