Նիկոլն ու Ալիևը միասին են փլուզում ՄԽ համանախագահների ձևաչափը

Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց ելույթն Ազգային Ժողովում քննարկվեց և քննադատվեց շատ տարբեր ուղղություններով:

Սակայն, մի դրվագ այդ ելույթից դուրս մնաց հանրային ու քաղաքական օրակարգից։

Խոսքը վերաբերում է նրան, որ Նիկոլը փորձում էր արդարացնել Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի ներկայիս դեռևս ֆունկցիոնալ չգոյությունը, այդ թվում՝ հղումներ անելով գերտերությունների գեոպոլիտիկ պայքարի դրվագներին, դեռևս 2011-ից Սիրիա և այլն, և այլն։

Իհարկե, նա խաբեց։

Խաբեց, որովհետև անգամ այդ ժամանակահատվածում, անկախ նրանից, որ Սիրիայում, Իրանում, Ուկրաինայում և այլ տարածաշրջաններում Արևմուտքն ու Ռուսաստանն ունեին աշխարհաքաղաքական բախումներ, Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում մշտապես կարողացել են պահպանել աշխատանքային միևնույն վեկտորը։

Դրա ամենավառ ապացույցը նա է, որ Կազանը (2011, հունիս) եղել է Սիրիայից հետո (2011, գարուն):

Հավելեմ, որ Կազանից հետո էլ այդ տարիներին Մինսկի խմբի համանախագահների սինխրոն և փոխհամաձայնեցված աշխատանքի շնորհիվ է, որ խումբը պահպանել է իր ո՛չ միայն գոյությունը, այլև՝ աշխատանքային ունակությունները, ակտիվություն ցուցաբերելով բանակցային գործընթացում, այդ թվում, ապրիլյան պատերազմից հետո, Նիկոլի կողմից Ալիևին էժանով վաճառած, օրինակ, Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների տեսքով։

Մինսկի խմբի համանախագահների լիարժեք աշխատանքները շարունակվել են և մինչև 2018 թվականը և 2018-ից հետո նույնպես: Դրա ապացույցները՝ խմբի համանախագահների համատեղ հանդիպումներ, հայտարարություններ, առաջարկություններ և այլն:

Հարց է ծագում՝ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը փաստացի փորձում արդարացնել Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի ֆունկցիոնալ չգոյությունն այսօր. չէ՞ որ Մինսկի խմբի համանախագահների գոյությունը ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը։

  1. Որովհետև Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի էրոզիան նախևառաջ իր արտաքին քաղաքականության հետևանքն է և ոչ թե գեոպոլիտիկ բախումների խնդիր: Ճիշտ դիվանագիտության դեպքում հնարավոր էր աշխատել Արևմուտքի երկրների հետ, խնդրելով նրանց շարունակել աշխատանքը Ռուսաստանի հետ այս ձեաչափում և հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Նիկոլը շատ է սիրում ուռճեցնել իր ժողովրդավարական «ձեռքբերումները» Արևմուտքի աչքերում։
  2. Որովհետև նա վաղուց Հայաստանն ու Արցախյան հարցը հանել է գեոպոլիտիկ աճուրդի: Այդ աճուրդում մասնակցում են իրարամերժ գնորդներ և այս տեսակետից Նիկոլը շահագրգիռ է, որպեսզի ձևաչափը փլուզվի։
  3. Որովհետև կրկին «զարմանալի» զուգադիպությամբ Ալիևի և Նիկոլի վարած քաղաքականությունը Արցախի հարցում փաստացի համընկնում է: Ալիևըվաղուց է ձոնում ՄԽ համանախագահների ձևաչափի վախճանը, իսկ Նիկոլը փաստացի որ միայն ջանքներ չի գործադրում այն պահպանելու ուղղությամբ, այլև շտապում է Ադրբեջանի հետ գնալ գործաքրների՝ օգտվելով համանախագահների ինստիտուտի կաթվածահար վիճակից։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից