Ռուսական գազի արգելքը սպառնում է խարխլել երկիրը․ Գերմանիայի փոխկանցլեր

Գերմանիայի փոխկանցլեր, տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը դեմ է արտահայտվել ռուսական գազի մատակարարումների վրա արգելանքի սահմանմանը։

«Ռուսական բնական գազի վրա անհապաղ արգելանքը կվտանգի սոցիալական խաղաղությունը Գերմանիայում,- ասել է նա «Ֆանկե» մեդիա խմբում շաբաթ օրը հրապարակված հարցազրույցում։-Այսպիսով, մենք պետք է խոհեմ գործենք, զգուշորեն պատրաստենք քայլեր և կարողանանք հավատարիմ մնալ դրանց, եթե ցանկանում ենք վնասել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»,- պնդել է Հաբեկը:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք Ռուսաստանից հանածո էներգիայի աղբյուրներից անկախություն ձեռք բերելու ուղղությամբ»,- ասել է նախարարը՝ կարծիք հայտնելով, որ Գերմանիայի իշխանությունները շատ լավ առաջընթաց են գրանցել Ռուսաստանից ածուխից և նավթի ներկրումից կախվածությունը նվազեցնելու հարցում։ «Ինչ վերաբերում է գազին, ապա ինտենսիվորեն կառուցվում են հեղուկացված բնական գազի ընդունման տերմինալներ»,- նշել է նա։

Փոխկանցլերը հիշեցրել է, որ Գերմանիայի սեփական գազի հանքավայրերը, որտեղ կարելի է ավանդական եղանակով արտադրել կապույտ վառելիք՝ հիմնականում սպառված են։