ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը նշել է մշակույթի կենտրոնի վերաբացման տարեդարձը

Ապրիլի 15-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի  դեսպանության շքասրահում կայացել է դիվանագիտական ներկայացուցչության ներքո գործող մշակույթի կենտրոնի վերաբացման 4-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան տեղեկացմամբ, երեկոն մեկնարկել է մշակույթի կենտրոնի պատմությանն ու վերաբացումից ի վեր գործունեությանը նվիրված տեսանյութի ցուցադրմամբ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ ՌԴ-ում ՀՀ դեսպանն իր խոսքում կարևորել է մշակույթի կենտրոնի գործունեությունը, որն ուղղված է Ռուսաստանում հայկական մշակույթի հանրահռչակմանը։

«Վերաբացված մշակույթի կենտրոնը կարողանում է մեր օրերում մեծ հաջողությամբ կյանքի կոչել իր առջև դրված պատասխանատու առաքելությունը, այն է՝ պահպանել հարուստ մշակութային ժառանգությունը, ներկայացնել այն հանրային լայն շրջանակներին և բազմապատկել այս պատերի ներքո սկիզբ առած լավագույն ավանդույթները»,- ասել է Վաղարշակ Հարությունյանը։

Մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբեն, ելույթ ունենալով միջոցառմանը, ներկայացրել է կենտրոնի նոր հայեցակարգն ու խոսել ապագա նախաձեռնությունների մասին։

Երեկոն շարունակվել է ՌԴ վաստակավոր արտիստ Վյաչեսլավ Օլխովսկու, Մոսկվայի դասական երաժշտության նվագախմբի և կենտրոնի ստեղծագործական խմբերի ելույթներով։