Մենք ձախողում ենք քաղաքի կառավարումը․ Նազելի Բաղդասարյանի եղբոր դիմումները Պապիկյանին ու Գյումրու քաղաքապետին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է, որ դադարեցնում է ՔՊ կուսակցության անդամակցությունը և վայր է դնում ավագանու անդամի իր մանդատը:

«Որպեսզի զերծ մնանք տարբեր շահարկումներից, չբանալով շատ փակագծեր, ներկայացնեմ ձեզ իմ դիմումների ընդհանուր պատճառը։

Ըստ իս, մենք ձախողում ենք քաղաքի կառավարումը, ուստի ես ընդունում եմ  մեղքի իմ բաժինը և կրում պատասխանատվություն իմ մասով։ Համապատասխան դիմումը ներկայացրել եմ վարչության նախագահի անունով։ Թե ինչ կորոշի վարչությունը, հավելյալ կտեղեկացնեմ։

Անկախ զարգացումներից ինքս մնացել եմ հեղափոխության գաղափարների ու արժեքների կրողը»,-գրել է նա՝ հրապարակելով դիմումները։

Բաղդասարյանի կինը՝ Անի Քոչարյանը ևս հեռացել է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի Ժ/Պ պաշտոնից։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։